Փաշինյանը՝ ոստիկանությանը. 1 տարի առաջ իրար հետ էինք, բայց փշալարերի տարբեր կողմերում

Փաշինյանը՝ ոստիկանությանը. 1 տարի առաջ իրար հետ էինք, բայց փշալարերի տարբեր կողմերում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, սպաներ։

Շնորհավորելով ոստիկաններին՝ Փաշինյանը նկատել է. «Ուղիղ մեկ տարի առաջ մենք իրար հետ էինք, բայց փշալարերի տարբեր կողմերում: Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ բուն գործընթացի ընթացքում, ըստ էության, տեղի ունեցավ հակասության մի շատ արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի կաթիլ և ոչ մի հատիկ ատելություն: Հենց այս առումով եմ նշանավոր համարում այդ օրը և կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների նոր բովանդակության սկիզբն է՝ այն առումով, որ ՀՀ ոստիկանության գործողություններն ատելություն չպետք է արտահայտեն և առաջացնեն:

Ոստիկանությունն իրավապահ, ուժային մարմին է և աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում նույնիսկ երբեմն, ցավոք սրտի, ոստիկանությունը ստիպված է լինում դիմել ինչ-ինչ ուժային գործողությունների: Բայց կարևոր է ընդգծել, որ ոստիկանության գործողությունները չպետք է առաջացնեն ատելություն և դրանք չպետք է արտահայտեն նման դրսևորում: Կարծում եմ, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը կարող ենք հենց դա համարել, երբ ատելությունը՝ որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել ոստիկանության և հասարակության հարաբերություններից, ընդհանրապես դուրս է եկել իշխանության և հասարակության հարաբերություններից»:

Փաշինյանը հույս է հայտնել նաև, որ այս հանգրվանում՝ Նոր Հայաստանում, ոստիկանությունն իսկապես նոր բովանդակություն, կերպար կստանա, նոր անելիքի մեջ կդրսևորվի, և դա չի լինի որևէ քաղաքական ուժի, քաղաքական որևէ թիմի կամ որևէ անձի ծառայելը: «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ծառայի Սահմանադրությանը, օրենքին և ժողովրդին: Ես համոզված եմ, տեսնում եմ, որ այսօր ամեն ինչ հենց այդպես էլ տեղի է ունենում: Այսօր ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց մենք միանշանակ գնում ենք ճիշտ ճանապարհով, մենք գնում ենք վստահ այդ ճանապարհով, մենք այդ ճանապարհը շարունակելու ենք և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ձգտումը պետք է լինի հասնել կատարելության: Իհարկե, դժվար է ասել՝ այդ նպատակին երբևէ որևէ մեկը հասել է, թե՝ ոչ, բայց այդ ճանապարհով առաջ գնալն արդեն մեծագույն առաքելություն է և հաջողություն: Համոզված եմ, որ մենք այսօր ունենք հենց այսպիսի ոստիկանություն և այս առաքելության մեջ ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի ավելիին, ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի կատարելության»,-ասել է վարչապետը:

Միջոցառմանը ներկա էին նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր դատախազը, այլ պաշտոնյաներ։

ՀՀ ոստիկանությունը 101 տարեկան է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---