Սիմոնյանը՝ Սանասարյանի մեղադրանքի մասին. Եթե պարզվի` ճիշտ է, կվնասի հեղափոխությանը

Սիմոնյանը՝ Սանասարյանի մեղադրանքի մասին. Եթե պարզվի` ճիշտ է, կվնասի հեղափոխությանը

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին, ասել է, որ վստահ է, որ եթե իր ընկեր Դավիթ Սանասարյանը որևէ բանի հետ կապված սխալ չի գործել, ապա որևէ խնդիր չի լինի: «Ես գիտեմ, որ նա նույնպես դրանում վստահ է»,- ասել է փոխխոսնակը:

Սիմոնյանը նշել է նաև, որ եթե պարզվի` այդ ամենը ճիշտ է, դա վնաս կտա հեղափոխությանը: «Ինձ համար շատ ցավալի կլինի, բայց միաժամանակ չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետև դա ինձ համար տհաճ թեմա է: Դա ինձ համար ցավ է»,- մանրամասնել է նա, հայտնում է Yerkir.am-ը:

Նա հավելել է նաև, որ չկա հասկացություն՝ ԱԱԾ-ին կամ ՀՔԾ-ին, կամ` ինչ-որ մեկին. այսօր խոհրդարանում, վստահել-չվստահելու առումով: «Մենք ունենք պետություն, որի իրավապահ մարմիններին վստահում են բոլորը»,-ասել է նա:

Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի ու նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանի հայտարարությանը, թե գործը շինծու է՝ ԱԺ փոխնախագահը շեշտել է. «Դա աբսուրդ է, Հայաստանում գործ չեն սարքում: Կարծում եմ՝ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել՝ փորձելով պաշտպանել: Առավել ևս այս փուլում, դեռ գործին չծանոթացած, դեռ դատավարությունը չի էլ սկսվել, ասել՝ գործը շինծու է, դա ասվում է ուղղակի ապագայում որևէ մարտավարություն կառուցելու համար: Իմա՞ստը` որևէ մեկի գլխին շինծու ինչ-որ բան անելու: Սկսենք նրանից, որ ո'չ ընտրություն կա, ո'չ ինտրիգ կա այդ ամենի մեջ: Հայաստանում ո՞վ ում վրա ինչի՞ համար և ի՞նչ պետք է շինծու կազմակերպի: Դրա իմաստն ուղղակի չկա»:

Ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են: Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---