Բակո Սահակյան. ԼՂՀ անկախությունը այլընտրանք չունի եւ չի կարող լինել սակարկության առարկա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների ամենամյա հավաքի շրջանակներում Արցախ ժամանած պատվիրակության անդամների հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամալո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել է հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ըստ երկրի ղեկավարի, արտաքին քաղաքականությունը հանդիսանում է ռազմավարական այն օղակներից մեկը, որտեղ երկու հայկական պետությունների համագործակցությունն ուղղակի օրվա հրամայական է:



Բակո Սահակյանը նշել է, որ նախորդ հանդիպումից անցել է գրեթե մեկ տարի եւ այդ ժամանակահատվածում արձանագրվել է շոշափելի տեղաշարժ, ինչը միանգամայն ողջունելի է: Միեւնույն ժամանակ, Նախագահն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումները պարտադրում են էլ ավելի խորացնել առկա համագործակցությունը, հասնել որակական նոր մակարդակի, մշակել նոր մեխանիզմներ, ցուցաբերել նոր մոտեցումներ:



ԼՂՀ Նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, ըստ որի` ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, հակամարտող կողմերի ուղղակի եւ անմիջական երկխոսության միջոցով: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի եւ չի կարող լինել սակարկության առարկա»»,-ասել է նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---