ՀՀ նախագահ. Չի կարելի ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը հակադրել լուծման ռազմական ուղին

PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի արդյունքում ընդունվել է Հռչակագիր, որտեղ անդամ պետությունների նախագահները մտահոգություն են հայտնել Հարավային Օսեթիայի հակամարտությունն ուժով լուծելու Վրաստանի փորձի առնչությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի խաղաղ բնակչության եւ խաղաղապահների շրջանում, ինչպես նաեւ ծանր հումանիտար հետեւանքներ է ունեցել, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: ՀԱՊԿ անդամները կոչ են արել բոլոր պետություններին անաչառորեն, առանց երկակի չափանիշների մոտենալ Կովկասում ստեղծված իրավիճակին, չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են նրա հետագա սրման պատճառ դառնալ: ՀԱՊԿ երկրները նաեւ ողջունել են ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների մշակած կարգավորման սկզբունքները, աջակցություն են հայտնել Ռուսաստանի ակտիվ դերակատարմանը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործում, հավանություն են տվել կայուն անվտանգության ապահովմանը Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի համար:



Ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, «նման հակամարտությունների դեպքում մենք պետք է ամեն ինչ կշռադատենք, տեսնենք, թե ինչ լրացուցիչ մեխանիզմներ կարող ենք օգտագործել նման վիճակները ապագայում կանխելու համար»: «Ինչպիսի՞ն են այդ մեխանիզմները: Դա նաեւ այն մեխանիզմներն են, որ բխում են մեր Պայմանագրից, ՀԱՊԿ-ից: Դա համաձայնեցված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտությունն է, ինչի մասին այսօր հստակ ասաց Սերժ Սարգսյանը: Դա ռազմական բաղադրիչի զորացման անհրաժեշտությունն է, որպեսզի նրանց մոտ, ով ցանկանում է զինվել, խթանող պատճառներ լինեն սթափ որոշումներ կայացնելու համար: Մենք չէինք ցանկանա, որ այս հակամարտությունից սխալ եզրակացություններ արվեին: Մենք չէինք ցանկանա, որ Վրաստանը, որ որպես ագրեսոր հանդես եկավ, շարունակեր զինվել, ընդ որում առանց վերահսկողության, անհասկանալի նպատակներով եւ ոչ ակնհայտ հետեւանքներով: Ինչպես ինձ թվում է, սա դաս էր ողջ համաշխարհային հանրության համար, այդ թվում նաեւ նրանց համար, ովքեր որոշումներ են կայացնում լրացուցիչ ֆինանսավորման եւ Վրաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին»,-ասել է նա:



Իր հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Կա եւս մեկ եզրակացություն` չի կարելի ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը հակադրել լուծման ռազմական ուղին: Դա հղի է լուրջ հետեւանքներով, այդ թվում, ռազմական եւ աշխարհաքաղաքական: Ուստի մենք պետք է ընդմիշտ մոռանանք նման հարցերի ռազմական լուծման մասին»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---