Սերգեյ Կարագանով. Հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ շահավետ է Ռուսաստանի համար

PanARMENIAN.Net - Հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ շահավետ է Ռուսաստանի համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ Սերգեյ Կարագանովը: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում նա հույս է հայտնել, որ այդ երկրների համագործակցությունը կկարողանա առավել մեծ կայունություն հաղորդել տարածաշրջանին: «Սա պատմական իրադարձություն է: Ցեղասպանության հետ կապված թշնամանքը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այն խոշոր գործոններից մեկն էր, որը որոշում էր նույնիսկ համաշխարհային քաղաքականությունը, շատ երկրների վերաբերմունքն այդ տարածաշրջանի հանդեպ: Այն, որ նրանք գնացին մերձեցման, նշանակում է, որ հաղթահարվում է անցյալ եւ նախորդ դարերից մեզ մնացած պատմական անդունդը»,-նշել է Ս.Կարագանովը: Բացի այդ, հավելել է նա, «սա եւս մեկ վկայությունն է այն բանի, որ համաշխարհային քարտեզը արագ շարժման մեջ է գտնվում»:



«Միանգամայն հասկանալի է, որ Թուրքիան ու Հայաստանը մերձենում են ոչ միայն այն պատճառով, որ նրանք ներքուստ կարողացան հաղթահարել դարերով կուտակված կասկածները, այլ նաեւ այն պատճառով, որ զգում են համախմբման անհրաժեշտություն ի դեմս նոր վտանգների, գլխավորապես, տարածաշրջանային անկայունության»,-պարզաբանել է Ս.Կարագանովը:



Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու նախագահները քննարկեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանում վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ: Հայաստանի նախագահը նշեց, որ երկխոսության դեպքում հնարավոր կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ ամենալուրջ խնդիրները: «Մենք պետք է ձգտենք լուծել առկա խնդիրները եւ չթողնենք դրանք հետագա սերունդներին»,-հավելել է Ս.Սարգսյանը: Նախագահները հայտարարել են, որ այս հանդիպումը խթան կհանդիսանա երկխոսությունը հետագայում եւս շարունակելու համար եւ ուղեցույց կհանդիսանա արտգործնախարարների հետագա գործունեության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---