Հայաստանում Թուրքիայի նախկին դեսպան. Անկարան պետք է անհապաղ հարաբերություններ հաստատի Երեւանի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան կարող է հիմք դառնալ հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման համար: Այդ մասին հայտարարել է 1991-93թթ. Հայաստանում Թուրքիայի դեսպան Վոլկան Վուրալը: Նրա կարծիքով, Թուրքիան պետք է անհապաղ հարաբերություններ հաստատի Երեւանի հետ: Ինչպես գրում է թուրքական Taraf թերթը, դիվանագետը նշել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կան ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական հարցեր: «Անցյալում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով երկու երկրների միջեւ անվստահություն կա, հոգեբանական վախ եւ սարսափի մթնոլորտ: Հարցը կարելի է լուծել միայն երկու ժողովրդների միջեւ երկխոսության ճանապարհով, որը պետք է հիմնված լինի վստահության եւ նոր մթնոլորտի ստեղծման վրա»,-ասել է նա:



Վոլկան Վուրալը հիշեցրել է, որ թուրքական կառավարությունը նախապես որոշել էր ճանաչել նախկին խորհրդային հանրապետությունների անկախությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրանց հետ: «Եթե հարաբերություններ հաստատվեին Հայաստանի հետ, ապա պատմությունն այլ ընթացք կստանար` պատերազմ չէր ծավալվի Ղարաբաղի համար, Թուրքիան չէր ենթարկվի ճնշումների հայկական հարցի առիթով եւ այժմ ավելի շահեկան դիրքերում կլիներ: Ինչ վերաբերում է այն մտավախությանը, թե Հայաստանը կարող է պահանջել Թուրքիայից վերադարձնել իր հողները, ապա ասեմ, որ մեր բանակն իր թվաքանակով հավասար է Հայաստանի ողջ բնակչությանը: Այդ տեսակետից մենք պետք է ապահով զգանք մեզ»,-ասել է Վուրալը:



Վոլկան Վուրալը Թուրքիայի առաջին եւ միակ դեսպանն էր անկախ Հայաստանում` նստավայրը` Մոսկվա: Այն դեպքում երբ Երեւանն Անկարայում ներկայացված չէր նույնիսկ ժամանակավոր հավատարմատարի մակարդակով: Ներկայումս միակ հայ դիվանագետը Թուրքիայում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանն է, որի նստավայրը Ստամբուլում է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---