Հյուսիս-հարավն ասֆալտապատող ընկերության տնօրենը մեղադրվում է 215 մլն դրամ գրպանելու մեջ

Հյուսիս-հարավն ասֆալտապատող  ընկերության տնօրենը մեղադրվում է  215 մլն դրամ գրպանելու մեջ

PanARMENIAN.Net - «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների գործով բացահայտվել են չարաշահման նոր դրվագներ, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել ծրագրի կատարման շրջանակում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553 մլն դրամ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծրագրի Տրանշ 1-ի /Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ/ որոշ հատվածներում ենթակապալի պայմանագրի հիման վրա ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի կազմակերպմամբ ընկերության կողմից 2014-ի-2016-ին կազմված կատարողական ակտերում, հանձնման ընդունման ակտերում և դուրս գրված հարկային հաշիվներում, պատվիրատուին հանձնվել են ոչ թե պայմանագրով նախատեսված չափանիշներին համապատասխան 771.6 մլն դրամ արժեքով աշխատանքներ, այլ՝ ավելի ցածր չափանիշների՝ 556.6 մլն դրամի աշխատանքներ, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 215 մլն դրամ գումար և այդ գումարի չափով պետությանը պատճառվել է վնաս:

Նախաքննության ընթացքում հայտնաբերված առերևույթ նոր հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա` 24.05.2019թ. հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն ենթակապալառու ընկերության տնօրենը մի շարք ընկերություններից՝ առանց վերջիններիս կողմից ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, ձեռք է բերել ընկերության ծախսերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով մտցրել է օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթում, ինչի արդյունքում խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց՝ դրանով իսկ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019-ի մայիսի 31-ին նշված ենթակապալառու ընկերության իրական տնօրենին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վերջինիս կողմից, որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարվել 200 մլն դրամ: Քննիչի որոշմամբ կալանք է դրվել նաև նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված 31.9 դրամի, 3 մլն ՌԴ ռուբլու և $60.000 դրամական միջոցների վրա:

Լրացուցիչ կատարման ենթակա հարկային պարտավորությունների հստակ չափը պարզելու համար նշված ընկերությունում և ընկերությանը հարկային-հաշիվներ դուրս գրած մի շարք այլ ընկերություններում նշանակվել են հարկային ստուգումներ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---