Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծեն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը

PanARMENIAN.Net - «Կովկասում հնարավոր ալյանսի ճակատագիրը կախված է առաջնորդող պետությունների` Թուրքիայի եւ Ռուսաստանի կարծիքից: Եթե նրանք ցանկանան, նրանց կհաջողվի հանրապետությունների քաղաքական էլիտային համոզել այսպես, թե այնպես համագործակցել»,- հայտնել է ՍՊբՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Ալեքսանդր Սոտնիչենկոն, նշելով, որ երկրներից յուրաքանչյուրն ընդգրկված է հակամարտության մեջ: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը հակամարտության մեջ է Վրաստանի հետ, նույն իրադրության մեջ է նաեւ Թուրքիան` Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանը նույնպես անհարթություններ ունի Հայաստանի հետ: «Սկզբունքորեն բոլորն էլ հասկանում են, որ հակամարտությունները վնասում են ոչ միայն քաղաքական հարաբերություններին, այլեւ տնտեսությանը: Հայաստանը շրջապատված է Թուրքիայով եւ Ադրբեջանով: Նրա համար միակ ելքը Վրաստանն ու Իրանն են: Դա խանգարում է Հայաստանի տնտեսական զարգացմանը: Նույնը կարելի է ասել Ադրբեջանի մասին: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղով ուղղելով իր նավթը` նա մեծ կորուստներ է կրում: Խողովակն անցնում է ոչ թե ուղիղ, այլ շրջանցելով Հայաստանը, եւ այդ պատճառով նախագիծը համարվում է մեկն ամենաթանկ եւ անշահութաբերներից: Գոյություն ունեցող խնդիրները պետք է հաջորդաբար լուծել, պետք է լուրջ ծրագիր կազմել: Կարեւորը, որ այդ գործին չխառնվեն այնպիսի երկրներ, որոնք գլուխ չեն հանում կովկասյան գործերից եւ տարածաշրջանում խաղաղության հաստատում չեն ցանկանում»,- ընդգծել է ռուս փորձագետը:



Ինչ վերաբերում է Կովկասյան պլատֆորմում Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի բացակայությանը, ապա Սոտնիչենկոյի կարծիքով, որոշ երկրների կողմից որոշակի տարածքների ճանաչել-չճանաչելը հաճախ չի խանգարում տնտեսական եւ քաղաքական կապերին: «Օրինակ, Ռուսաստանն ու Ճապոնիան մինչ այժմ չունեն հաշտության պայմանագիր: Բայց դա չի վնասում նորմալ հարաբերություններին: Նույնը կարելի է ասել ԵՄ եւ Թուրքիայի կապերին Հյուսիսային Կիպրոսի խնդրում: Վերջինս ճանաչել է միայն Թուրքիան: ԵՄ-ն Թուրքիային նվաճող է համարում, բայց միաժամանակ Թուրքիայի հետ նրա հարաբերությունները շատ նորմալ են: Եւ Թուրքիան անգամ հավակնում է դառնալ միության անդամ: Այսինքն, նման խնդիրները կարելի է լուծել: Բայց լուծման գործընթացը երկար է լինելու եւ կպահանջի բոլոր հանրապետությունների ջանքերը: Եւ ամենաբարդը ոչ թե առանձին գոյատեւման հնամենի ավանդույթներ ունեցող Հարավային Օսիայի եւ Աբխազիայի, այլ Լեռնային Ղարաբաղի խնդիրն է լինելու: Հենց նրա շուրջ են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հիմնական տարաձայնությունները: Թուրքիայում Հայաստանը համարում են տարածաշրջանի նվաճող»,- ասել է նա:



Սոտնիչենկոն նաեւ նկատել է, որ Հայաստանը Ռուսաստանից «միեւնույնն է ոչ մի տեղ չի փախչի»: «Տարածաշրջանում նա ուրիշ ոչ մի դաշնակից չունի: Եթե մենք ճանաչենք Ղարաբաղը, ապա ստիպված կլինենք փլուզել եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի հետ ստեղծված հարաբերությունները: Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծել երկարատեւ բանակցությունների ճանապարհով, որոնց պետք է մասնակցեն հայկական, ադրբեջանական, թուրքական եւ ռուսական կողմերը»,- նշել է նա, գրում է Nakanune.RU-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---