Փաշինյանը` Պետերբուրգի հայ համայնքին․ Հայերն ավելի մեծ հաջողությունների պետք է հասնեն ՀՀ-ում

Փաշինյանը` Պետերբուրգի հայ համայնքին․ Հայերն ավելի մեծ հաջողությունների պետք է հասնեն ՀՀ-ում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցել են տեղի հայ համայնքի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ և գործարարներ:

Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ արտերկիր իր այցերի ընթացքում ավանդույթ են դարձել մեր հայրենակիցների հետ հանդիպումները:

«Նման հանդիպումներն իսկապես շատ կարևոր են, որովհետև հույս ունենք, որ Նոր Հայաստանը իսկապես շատ մեծ ձգողականություն ունի և պիտի ավելի ու ավելի մեծ ձգողականություն ունենա ողջ հայության համար: Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունների նպատակն է, որպեսզի աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ հպարտ լինի Հայաստանի համար, հպարտանա նրա բովանդակությամբ, տնտեսական, քաքաղաքական վիճակով: Բնականաբար այդ հպարտությունը նաև պետք է նրանց ոգևորի, որ նրանք իրենց ներդրումն ունենան երկրի զարգացման գործում: Ներդրում ասելիս սովորաբար ընկալվում է ֆինանսական ներդրումը, բայց իմ ընկալմամբ` նույնքան կարևոր է բարոյական, տրամադրության, մթնոլորտի ներդրումը: Ուրախ եմ, արձանագրել որ հայության շրջանում այդ պոզիտիվ ներդրումը ձևավորված է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը փաստել է, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բուռն իրադարձություններ:

«Այս ընթացքում մեր վստահությունն ավելի է մեծանում: Մենք ի վերջո հասել ենք մի վիճակի, որ կարողանալու ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները, ամենակարևորը` Հայաստանը դարձնել մրցունակ պետություն, թե տնտեսական, թե քաղաքական և թե անվտանգային առումով: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել ազդեցիկ, հեղինակավոր երկիր թե տարածաշրջանային, թե միջազգային առումով և մենք իրար հետ գնալու ենք այդ ճանապարհով»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում այս տարի առաջին եռամսյակի տվյալներով արձանագրվել են բավականին շոշափելի հաջողություններ:

«Նույնիսկ նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ տարածքում ամենամեծ տնտեսական աճն ապահոված պետությունն է: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մենք շարունակում ենք պահպանել այդ դիրքերը: Հայաստանը ԵԱՏՄ-ում ամենամեծ տնտեսական աճի ցուցանիշն ունի, որը կազմել է 7,1 տոկոս: Ապրիլին տնտեսական ակտիվությունը կազմել է 9,2 տոկոս: Սա չի նշանակում, որ ամեն ինչ փայլուն է, բայց նշանակում է` այն գաղափարը, որ մենք դրել ենք զարգացման հիմքում, սկսել է աշխատել»,- ասել է գործադիրի ղեկավարը։

Նա հավելել է, որ Հայաստանում պետք է ձևավորվի տնտեսական գործունեության ազատ դաշտ:

«Յուրաքանրյուր հայ, ով ուզում է Հայաստանը շենացնելու, հարստանալու և հարստացնելու գործում ներդրում ունենալ, այդ հնարավորությունը պետք է ստանա և այդ հնարավորություններն արդեն կան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ ՀՀ կառավարությանն այլևս հետաքրքիր չեն հեշտ լուծելի խնդիրները, հասարակ տնտեսական սխեմաները:

Նրա խոսքով` մենք մեր առաջ ավելի լուրջ խնդիրներ պետք է դնենք և դրանցից ամենակարևորը Հայաստանն ինովացիոն, տեխնոլոգիական երկիր դարձնելն է:

Վարչապետը նշել է, որ մեկ տարի առաջ` մարտ ամսին, քաղաքացիների 95 տոկոսն անհնար էր համարում քաղաքական փոփոխությունները, բայց դրանք արդեն իսկ ակնհայտ էին ապրիլին:

«Շատերը ասում են, թե այդ ինչպես է, որ հայերը գնում են ՌԴ, ԱՄՆ և մեծ հաջողությունների հասնում, իսկ Հայաստանում չեն կարողանում: Հիմա հենց այդ ժամանակն է, հայերը շատ ավելի մեծ հաջողությունների պետք է հասնեն Հայաստանի Հանրապետությունում, որովհետև այն հմտությունները, որ նրանք ձեռք են բերել աշխարհի տարբեր երկրներում, պետք է ներդնեն Հայաստանում, որտեղ այժմ ստեղծվել են անսահմանափակ հնարավորություններ: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- նշել է վարչապետը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը զրուցել է ընդունելությանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրվել են Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխություններով, վարչապետի հետ կիսվել հայրենիքում տարբեր ծրագրեր իրականացնելու գաղափարներով ու նախաձեռնություններով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---