Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչումը նախադեպ չէ Ղարաբաղի համար, հայտարարում են Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչումը, այդ տարածքներում ռուսական ռազմակայանների ստեղծումը նախադեպ չէ Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի համար: Այդ մասին այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նիստում:



«Ռուսաստանն ակտիվորեն կաջակցի ԱՊՀ տարածքի բոլոր հակամարտությունների լուծմանը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հարգման, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների, հակամարտության մեջ ներքաշված կողմերի միջեւ համաձայնության որոնման հիման վրա: Պատասխանատվորեն կիրագործենք մեր միջնորդական առաքելությունը բանակցային գործընթացում, դա լիովին վերաբերվում է Մերձդնեստրին ու Լեռնային Ղարաբաղին: Ամենուրեք կան իր առանձնահատկությունները, միջնորդության սեփական ձեւաչափերն ու մեխանիզմները: Սակայն հարավօսական ճգնաժամը նրանց համար ոչ մի նախադեպ չի ստեղծում»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:



«Լեռնային Ղարաբաղով եւ մերձդնեստրյան կարգավորմամբ զբաղվողներից ոչ ոք այնտեղ մտադիր չէ խախտել միջազգային իրավունքը, խզել ձեռք բերված պայմանավորվածությունները, խախտել կարգավորման համաձայնեցված ձեւաչափը, ռմբակոծել խաղաղ քաղաքացիներին ու խաղաղապահներին: Այնտեղ չկան մարդիկ, որոնք ցանկանում են ապահովել տարածքային ամբողջականությունը մարդկանց զանգվածային սպանությունների միջոցով, մարդկանց, ում համարում են սեփական քաղաքացիներն ու սեփական երկրի բնակիչները: Զուգահեռներ այստեղ լինել չեն կարող: Փառք Աստծո, Սահակաշվիլին եզակի երեւույթ է իր տեսակի մեջ»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:



Նա նաեւ հաղորդել է լրագրողներին, որ ճանաչված հանրապետությունների տարածքում կստեղծվեն ՌԴ ռազմակայաններ: «Այն ամենն, ինչ կատարվում է Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի ներսում, արդեն չի վերաբերվում խաղաղապահ գործունեությանը, ՌԴ կողմից այդ հանրապետությունների ճանաչումից հետո, այնտեղ ստեղծվում են ռազմակայաններ, այնտեղ տեղաբախշվում են ՌԴ զորակազմեր ի պատասխան այդ երկու ինքնիշխան պետությունների օրինական կերպով ընտրված իշխանությունների խնդրանքի»,-նշել է Ս.Լավրովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---