Փոխնախարար. Աշխատում ենք ոչ միայն վեթինգի, այլև դատական բարեփոխումների վրա

Փոխնախարար. Աշխատում ենք ոչ միայն վեթինգի, այլև դատական բարեփոխումների վրա

PanARMENIAN.Net - Կառավարությունն աշխատում է ոչ միայն վեթինգի, այլև դատական բարեփոխումների ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ սեղմ ժամկետներում պատրաստ կլինի փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որոնք կդրվեն հանրային քննարկման: Ըստ փոխնախարարի՝ աշխատանքներում ներգրավված են տարբեր գերատեսչություններ, որոնք կապ ունեն դատաիրավական ոլորտի հետ, հայտնում է Panorama.am-ը:

Աննա Վարդապետյանը ասել է նաև, որ անցումային արդարադատության և վեթինգի հետ կապված առանձին դեկլարատիվ օրենքների ընդունումն արդյունավետ չեն. «Անցումային արդարադատության մասին առանձին օրենք չի կարող լինել, պետք է լինի համակարգային փոփոխությունների փաթեթ: Անցումային արդարադատությունը գործիքակազմ է, և ոչ թե գործընթաց, նույնը վերաբերում է վեթինգին»:

Այն հարցին, թե այս գործընթացների արդյունքում հնարավո՞ր է սահմանադրական փոփոխություններ լինեն՝ փոխնախարարը պատասխանել է, որ եթե երկարաժամկետ գործողություների ծրագրում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն լինի, գուցե նաև սահմանադրական փոփոխություններ լինեն:

Ինչ վերաբերում է վեթինգի գործընթացին, ապա, ըստ փոխնախարարի, դա բացառապես գործող Սահմանադրության և միջազգային պարտավորությունների շրջանակում է լինելու, որևէ այլ արտագործընթաց չի լինելու:

Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ հնարավո՞ր է, որ ինքը լինի արդարադատության հաջորդ նախարարը, ինչին ի պատասխան Աննա Վարդապետյանը նշել է, որ այս պահին նման առաջարկ չի ստացել։

Այն դիտարկմանը, թե Արտակ Զեյնալյանի դիրքորոշումն անցումային արդարադատության մասով արդյոք հակասում էր Կառավարության դիրքորոշմանը, և աշխատանքից ազատվելու պատճառը որոշ հարցերում անհամաձայնությունն էր՝ փոխնախարարը պատասխանել է. «Հակասումներ չեն եղել, կառավարության, նաև մեր դիրքորոշումը եղել է միասնական: Մոտեցումների տարբերություններ չկային, ներքին խնդիրներ ևս չկային»:

Ավելի վաղ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ՀՀ դատավորներին վեթինգի ենթարկելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է և շուտով կներկայացվի հանրային քննարկման։«Նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է ամիսներ առաջ և այս պահին այն գտնվում է մշակման վերջնականացման փուլում և այդ իսկ պատճառով դիմում եմ «Լուսավոր Հայաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերներին մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով ներկայացնել առաջարկություններ ու մտահոգություններ», - հայտարարել է Մակունցը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---