ՀՀ նախագահ. «Հայաստան» հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ

ՀՀ նախագահ. «Հայաստան» հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ և Սփյուռքում գործող՝ հիմնադրամի կառույցները չպետք է աշխատեն որպես գանձապետական գրասենյակներ: Այդ մասին հայտարարել է խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստում:

Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, Հանրապետության նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, անցյալ տարի կյանքից հեռացած Շառլ Ազնավուրի հիշատակը։

«Ավելի քան 25 տարի է, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է իր համազգային առաքելությունը՝ որպես Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միավորող բացառիկ կառույց: Այն Արցախի զարգացման կարևորագույն դոնորն է այսօր և այդպիսին էլ պետք է մնա ապագայում:

2018-ի ընթացքում Հիմնադրամն իրականացրել է տարբեր ոլորտների և ծավալի ընդհանուր շուրջ 100 ծրագիր, որոշ ծրագրեր դեռ շարունակվում են...Սակայն հիմնադրամն անհրաժեշտություն ունի դառնալ ավելի դինամիկ, ավելի մոբիլ, ավելի ճկուն և ավելի հզոր կառույց: Իսկ դրա համար պետք է կարողանալ փոխվել՝ նախ և առաջ հոգեբանությամբ, մտքով, գործելակերպով, կառուցվածքով, ծրագրերով, կանոնադրությամբ, անգամ հոգաբարձուների խորհրդի կազմով: Փոխվելուց պետք չէ վախենալ, հատկապես երբ աշխարհն է փոխվում շատ մեծ արագությամբ:

Հիմնադրամը չպետք է մեր գիտակցության մեջ ընկալվի որպես միայն ճանապարհ կամ ոռոգման ցանց կառուցող հիմնարկ: Այն պետք է ընդունվի, ընկալվի և հաստատվի առաջին հերթին որպես համազգային վստահության ինստիտուտ, որն ապրում է ոչ թե անցյալ ժամանակով, այլ՝ ապագայով: Այսինքն՝ արժևորենք անցյալում կատարված աշխատանքը և ներկայի միջոցով մտածենք ապագայի մասին, շարժվենք դեպի ապագա: «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ «Հայաստան, Արցախ, Սփյուռք» և «հայություն» նպատակակետերով»,-ասել է նախագահը:

Նախագահը նշել է նաև, որ 20-րդ դարում ստեղծված հիմնադրամը մեծ հաջողությունների է հասել և ժամանակն է, որ այն դառնա 21-րդ դարի ազգային ինստիտուտ:

« ...Հիմնադրամի նոր ղեկավարության գործունեության արդյունքում 2018 թվականի հեռուստամարաթոնին հիմնադրամին սատարողների թիվն ավելացել է մոտ 20 տոկոսով: Իսկ նվիրատվությունները շարունակվեցին նաև հեռուստամարաթոնից հետո, շարունակվում են նաև այսօր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կառուցվածքը, որը հաստատվել է Հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստի ժամանակ, բարելավվել է։ Այն նպատակ ունի ավելի ճկուն դարձնել հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունները։ Այդ գործընթացը պետք է շարունակական լինի:

Կարծում եմ նաև, որ հիմնադրամի աշխատանքներում հոգաբարձուների խորհրդի անդամների ներգրավվածության աստիճանը պետք է բարձրանա, և խորհրդի անդամները հիմնադրամի դրամահավաքի հետ կապված ավելի շոշափելի և կոնկրետ գործունեություն պետք է ծավալեն։

Հիմնադրամի ավանդական ծրագրերին զուգահեռ՝ պետք է ծնվեն ու կյանքի կոչվեն նոր, այդ թվում՝ փորձնական ծրագրեր՝ ժամանակի պահանջներին համահունչ: Հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ, և Սփյուռքում գործող՝ հիմնադրամի կառույցները չպետք է աշխատեն որպես գանձապետական գրասենյակներ: Ժամանակն է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր վրա վերցնի նաև համահայկական ցանցն ամրացնելու և սերտացնելու առաքելությունը: Ի վերջո, մենք հայապահպանության՝ հայոց լեզվի, ինքնության, պատմության ու արժեհամակարգերի պահպանման խնդիր ունենք, որը գլոբալիզացիայի պայմաններում ավելի սուր դրսևորում է ստանում: Հաշվի առնելով կառուցվածքային լայն աշխարհագրությունը՝ հիմնադրամը կարող է նաև նմանատիպ ծրագրեր իրականացնել՝ ամրացնելով հայկական համայնքները և հայկական արժեքները: Հենց այդ համայնքներն են շահառու-նվիրատու-աջակից շղթայի ամենակենսական օղակները: Սա կարող է դառնալ հիմնադրամի ռազմավարական նպատակներից մեկը»,-ասել է Արմեն Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ելույթով հանդես է եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է 2018թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---