23 սեպտեմբերի 2008 - 14:46 AMT
Քոնդոլիզա Ռայս. Թուրքիան ԱՄՆ-ի համար արտակարգ դաշնակից է
Թուրքիան ԱՄՆ-ի համար արտակարգ դաշնակից է, հատկապես տարածաշրջանում վերջին իրադարձությունների լույսի ներքո: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտնել է իր թուրք գործընկեր Ալի Բաբաջանի հետ հանդիպումից առաջ: Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, ՄԱԿ-ի ԳԱ 63-րդ նիստի շրջանակներում Նյու-Յորքում Ռայսն ու Բաբաջանը քննարկել են Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը:

«Ստեղծված իրադրության մեջ Թուրքիան Կովկասում մեծ ուժ է ներկայացնում եւ նշանակալից դեր է խաղում խաղաղության ստեղծման գործում»,- նշել է Ռայսը` ավելացնելով, որ Թուրքիան, որը հսկում է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները, ներս է թողել Վրաստանի համար հումանիտար օգնությամբ բեռնված ԱՄՆ նավերը: «ԱՄՆ-ն դրական է գնահատում նաեւ «Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի» ստեղծման Թուրքիայի նախաձեռնությունը»,- ընդգծել է նա:

Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինի խոսքերով, Ալի Բաբաջանն ու Քոնդոլիզա Ռայսը քննարկել են թուրքա-ամերիկյան հարաբերությունները, համագործակցությունը ահաբեկչության դեմ, մասնավորապես` Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ), եւ Կովկասի վերջին իրադարձությունները: Քննարկվել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի` վերջերս Երեւան կատարած այցը»,- նշել է Օզուգերգինը:

Երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում 2009-2010թթ. Թուրքիայի ոչ մշտական անդամության հարցը չի քննարկվել: