Թբիլիսիի կինոթատրոններում ռուսալեզու ֆիլմերի ցուցադրումը կասեցվել է

Թբիլիսիի կինոթատրոններում ռուսալեզու ֆիլմերի ցուցադրումը կասեցվել է

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ից Թբիլիսիի կինոթատրոններում այլևս ռուսալեզու ֆիլմեր չեն ցուցադրվում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոտին Թբիլիսիի կինոթատրոնների ասոցիացիայի վրա հղումով:

«Հունիսի 20-ից Թբիլիսիի բոլոր կինոթատրոններում ռուսերեն թարգմանությամբ ֆիլմեր և անիմացիա այլևս չի ցուցադրվի: Այժմ ֆիլմերը կարելի է դիտել վրացերեն կամ անգլերեն լեզուներով»,-հայտարարել են Ասոցիացիայում՝ չմանրամասնելով, թե ինչի հետ է կապված նման որոշումը:

Կինոթատրոնների Cavea ցանցը հունիսի 20-ից կասեցրել է ռուսալեզու և ռուսերեն թարգմանությամբ ֆիլմերի ցուցադրությունը: Ցանցը պնդում է, որ որոշումը կայացվել է վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով: Ըստ նրանց, դա համերաշխության դրսևորում է «հակաօկուպացիոն ակցիայի մասնակիցների հետ»:

Ընկերությունում չեն նշել, թե որքան կտևի արգելքը և երբևէ կվերսկսվեն արդյոք ռուսալեզու ֆիլմերի ցուցադրությունները:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան: Արգելքը կլինի ժամանակավոր և ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---