Խաչատրյան. Նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծմամբ ՀՔԾ-ն կարող է լուծարվել

Խաչատրյան. Նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծմամբ ՀՔԾ-ն կարող է լուծարվել

PanARMENIAN.Net - Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք E-draft.am-ում հրապարակված է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որով նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության՝ ՀՔԾ լուծարումը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Բայց դա դեռևս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա, ապրենք, կտեսնեք»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է պաշտոնին հրաժեշտ տա՝ Խաչատրյանն ասել է. «Դա ես չեմ որոշում»։

Այն հարցին, թե իշխանափոխությունից հետո մեկ տարում դատախազական համակարգում նկատելի են արդյոք փոփոխությունները՝ ՀՔԾ պետը պատասխանել է. «Կարծում եմ, որ դրական առումով փոփոխություններ կան, բայց չմեկնաբանեմ»։

Խաչատրյանը չի հաստատել և չի հերքել այն տեղեկությունը, որ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:«Ոչ հաստատում եմ, ոչ հերքում։ Այսօր «Մարտի 1» գործից չենք խոսում, տոն է, եկեք օրվա խորհրդի մասին խոսեքն»,-ասել է նա։

Հուլիսի 1-ին Դատախազության աշխատողի օրն է։

Կառավարությունն առաջիկայում նախատեսում է ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին:Մարմինն իրավասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, կրթական, օպերատիվ հետախուզական և քննչական գործառույթներ:

2017-ին խորհրդարանը միաձայն մի քանի օրենք է ընդունել, որոնցով երկրում առաջին անգամ ստեղծվում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող կոռուպցիայի կանխարգելման մարմին։ Նախատեսվում էր այն գործարկել 2018-ին, իսկ անդամները ընտրվելու են ԱԺ կողմից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---