27 սեպտեմբերի 2008 - 15:41 AMT
ԵԱՀԿ ՄԽ. Նյու-Յորքում կայացած բանակցությունների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կողմերը կոնստրուկտիվ մոտեցում ցուցաբերեցին
Նյու-Յորքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով անցկացվող բանակցությունների վերջին փուլը արտահայտեց կողմերի կոնստրուկտիվ մոտեցումն ու բանակցային գործընթացը շարունակելու նրանց ցանկությունը: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին ԱՄՆ պետդեպարտամենտում, այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) հայտարարության մեջ: Ինչպես նշվում է այդ հայտարարության մեջ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են մոտ ապագայում երկու երկրների նախագահների նոր հանդիպման անցկացման հնարավորությունը: Միջնորդներն իրենց հերթին հաստատել են իրենց երկրների եւ ԵԱՀԿ դիրքորոշումը, որի համաձայն ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարող ռազմական ճանապարհով լուծվել:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ կայացած հանդիպումներից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկկի Թալվիտեին են ներկայացրել բանակցային գործընթացի վերջին զարգացումները: