ԱՄՆ Սենատը հաստատել է Ջեյմս Ջեֆրիի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը հաստատել է Ջեյմս Ջեֆրիի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: «Ես ուրախ եմ, որ Սենատը հավանություն է տվել Ջեյմս Ջեֆրիի թեկնածությանը Թուրքիայում դեսպանի պաշտոնի համար: Շնորհիվ այն բանի, որ Ջ.Ջեֆրին բազմիցս է աշխատել Թուրքիայում, նա կկարողանա պատշաճ կերպով ներկայացնել ԱՄՆ-ն մի երկրում, որը մեր բարեկամն ու ՆԱՏՕ-ի մեր գործընկերն է»,-ասվում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի Սպիտակ տան կայքում զետեղված հաղորդագրության մեջ:



Վերջերս, Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու Ջեյմս Ջեֆրին, պատասխանելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեի նախագահի եւ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի թեկնածու Ջո Բայդենի հարցերին, հայտնել է, որ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի եւ Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան Թուրքիայում իրենց դիվանագիտական ծառայությունն իրականացնող այլ ամերիկյան դեսպանների հաղորդումներն ու զեկույցները փաստացիորեն նկարագրում են կայսրությունում հայ բնակչության ոչնչացումը:



«Չնայած, որ Ջեյմս Ջեֆրին հարկ եղած ձեւով չճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխաններում այսքան տարիներ լռելուց հետո նա հրապարակավ համաձայնեց, որ Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպանները հաստատել են այն փաստը, որ Օսմանյան Կայսրության կառավարությունը վարել է հայ բնակչության ոչնչացման նպատակադրված եւ համակարգված քաղաքականություն»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Լսումների ընթացքում նախագահ Բայդենը Ջեյմս Ջեֆրիին հարցրել է, թե արդյոք նա կասկածի տակ է դնում այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան Կայսրությունում իրենց դիվանագիտական առաքելությունը կատարող ամերիկացի դիվանագետները փաստացիորեն գրանցել են հայ բնակչության ոչնչացմանն ուղղված կայսրության համակարգված քաղաքականությունը: Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն պատասխանել է. «Ոչ, ես շատ փաստաթղթեր եմ կարդացել Թուրքիայում 1915-1916թթ. կատարված իրադարձությունների մասին եւ կասկածի տակ չեմ դնում այն հանգամանքը, որ դեսպան Մորգենթաուն, դեսպան Էլկուսը եւ ԱՄՆ մյուս դեսպանները Օսմանյան Թուրքիայում իրենց դիվանագիտական առաքելության ընթացքում նկարագրել եւ հաստատել են հայ բնակչության ոչնչացմանն ուղղված գործողությունները»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---