Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Ջուլֆալակյանն անդրադարձել է այն պատճառներին, որոնք ստիպում են իրեն հրաժարական տալ Հայաստանի ազգային հավաքական գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է Panorama,am-ը:

«Ստացվել է մի պահ, որը տհաճ կլինի թե երկրպագուների, թե հանրության համար։ Բայց իրոք, այդ պահը հասունացել է։ Ոչինչ պատահական չի լինում։ Այո ես հրաժարական եմ տալիս»,-ասել է նա։

Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է՝ անցած տարիների ընթացքում որևէ խնդիր չի ունեցել ոչ սպորտի նախարարության, ոչ օլիմպիական կոմիտեի, ոչ էլ ֆեդերացիայի հետ։

«Բոլոր երեք ղեկավար կողմերի համար էլ հաճելի չէր իմ հրաժարականը։ Եվ ոչ մեկը կողմ չէ։ Բայց որոշումը ես եմ կայացրել, հուսով եմ, համոզված եմ, որ իմ որոշումը ճիշտ է։ Հիմնական պատճառն այն է, որ հավաքականում վերջին ամիսների ընթացքում տեղի են ունենում տարաձայնություններ, որոշ մարզիկները ցանկանում են, որ հավաքականի գլխավոր մարզիչը շարժվի իրենց թելադրանքով, որ ուսումնամարզական պլանը կազմվի իրենց ցանկությամբ, մրցումների անցկացման վայրը, դրանց կազմը որոշվի ու ընտրվի իրենց ցանկություններով։ Մի խոսքով, լիքը նման տհաճ երևույթներ։ Պարզ ասած, իմ դեմ դավադրություն է կազմակերպվում»,-ասաց բանախոսը։

Անկախ Հայաստանի ամենաարդյունավետ մարզչի օրոք ՀՀ-ն 7 անգամ նվաճել է աշխարհի և 14 անգամ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալներ:

Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականը գլխավորում էր 1999 թվականից։ 20 տարվա ընթացքում նրա գլխավորած ընտրանու անդամները դարձել են Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ։20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին Օլիմպիական խաղերի չեմպիոն է ունեցել։ Ռիոյում Հայաստանի հիմնը հնչեց Արթուր Ալեքսանյանի պատվին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---