Ստեփան Գրիգորյան. Ռուսաստանը կարող է իր տարածքի մի մասը տալ Բաքվին եւ չօգտագործել ԼՂՀ-ն որպես փոխանակման խաղաքար

PanARMENIAN.Net - 2008թ. իրադարձությունները, որոնք սկսվեցին Կոսովոյի անկախության հռչակումից եւ Վրաստանում ԵՄ խաղաղապահների տեղակայումից, տարածաշրջանում նոր իրադրություն են ստեղծել, որը կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորման վրա: Այդ մասին «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ նոր միտումները Ստեփանակերտի խորհրդարանական լսումների ենթատեքստում» կլոր սեղանի ընթացքում հայտնել է Գլոբալիզացման խնդիրների գծով վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ մայրաքաղաքում տեղի ունեցող լսումները ցույց տվեցին հակամարտության շուրջ կարծիքների ողջ առատությունը: «Ես չեմ կարծում, որ նման կարգի լսումները կարող էին անցնել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարաններում, որտեղ չկա կարծիքների բազմազանություն: Եւ այդ առումով ԼՂՀ խորհրդարանը կարող է հակամարտության մյուս կողմերի համար օրինակ ծառայել»,- ասել է Գրիգորյանը:



Նա նաեւ գտնում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը սպառնալիքի տակ է գտնվում: «Ընդ որում, այդ սպառնալիքը գալիս է ոչ թե Հայաստանից կամ Ադրբեջանից. այն գալիս է գլոբալ գործընթացներից, որոնք կապված են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ: Ներկայումս Ռուսաստանը փորձում է արհեստականորեն արագացնել հիմնախնդրի լուծումը, ինչը որոշ առումով կապված է ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունների հետ: Իսկ ինչ վերաբերում է նավթի եւ գազի արտահանման պատճառով Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնել չցանկանալուն, ապա ես առաջարկում եմ հետեւյալ տարբերակը: Ռուսաստանը տարածքով հսկայական երկիր է, նա ազատորեն կարող է մոտավորապես 5 հազար քառ. կմ տալ Ադրբեջանին եւ ապահովել ածխաջրածինների արտահանումը, եւ ոչ թե օգտագործել ԼՂՀ-ն որպես փոխանակման խաղաքար»,- ասել է Գրիգորյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---