Ռուս փորձագետ. Իմաստ ունի ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիչների փոխարեն ԵԱՀԿ ՄԽ մեջ ընդգրկել Թուրքիայի եւ Իրանի պատվիրակներին

PanARMENIAN.Net - Գոյություն ունեն երկու հուսադրող նախապայմաններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խաղաղարարական գործընթացի վերսկսման համար` Ռուսաստանի հետ մերձեցման նպատակով Ադրբեջանի վերջին քայլերը եւ տարածաշրջանում իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի մոտեցման փոփոխությունը, գրում է ռուսական Աշխարհաքաղաքական փորձաքննությունների կենտրոնի առաջատար փորձագետ Ալեքսանդր Կուզնեցովը: Նրա կարծիքով, առաջին նախապայմանի ինդիկատոր դարձավ նշանակալից մի իրադարձություն` սույն տարվա սեպտեմբերի կեսերին ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի` Ադրբեջան կատարած այցը, իսկ ավելի ճիշտ` թե ինչպես Բաքվում ընդունեցին բարձրաստիճան ամերիկացի հյուրին:



«Չեյնին Ադրբեջան ժամանեց նրա համար, որպեսզի ձեռք բերի այդ հանրապետության աջակցությունը հետխորհրդային տարածքում վրացական իրադարձությունների հետքերով լայն հակառուսական կոալիցիայի կազմավորման համար: Տեղեկացված աղբյուրները նշել են, որ Բաքվի օդանավակայանում բարձրաստիճան ամերիկացի հյուրին դիմավորողների մեջ չկար նախագահ Ալիեւը: Փաստը պակաս կարեւոր չէ նրանց համար, ովքեր ծանոթ են դիվանագիտական արձանագրության առանձնահատկությունների եւ Կովկասի հյուրընկալության ավանդույթների հետ: Բացի այդ Ալիեւը անձամբ ճանաչում է Ռ.Չեյնիին սկսած այն ժամանակից, երբ ինքը Ադրբեջանի Պետական նավթի ընկերության (ԱՀՊՆԸ) ղեկավարն էր եւ արդեն այդ պատճառով նրա բացակայությունը նշանակալից էր: Ադրբեջանի ղեկավարը ամերիկացի փոխնախագահին ընդունել է միայն ուշ երեկոյան: Զրույցի ընթացքում Չեյնին Իլհամ Ալիեւին համոզում էր պայքարել ռուսական «ռեւանշիզմի» դեմ, մասնավորապես աջակցելով «Նաբուկկո» խողովակաշարով միջինասիական նավթը Կովկասով տեղափոխելու ամերիկյան ծրագրին: Ադրբեջանի նախագահը միանշանակ հասկացրեց զրուցակցին, որ չի պատրաստվում վիճել Մոսկվայի հետ: Ավելին, ավելի ուշ Իլհամ Ալիեւը Ռուսաստանին առաջարկեց իր նավաթաարտահանման դիվերսիֆիկացման նպատակով ադրբեջանական նավթի մի մասն ուղղել Բաքու-Նովոռոսիյսկ ճանապարհով, ինչով կասկածի տակ դրեց ակտիվ ամերիկյան լոբբիացման պայմաններում կառուցված Բաքու-Ջեյհան նավթամուղի տնտեսական արդյունավետությունը»,- գրում է ռուս փորձագետը:



Ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացի հասնելու հնարավորության երկրորդ նախապայմանը, գրում է Ալեքսանդր Կուզնեցովը, հանդիսանում է Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը. վերջինս ավելի իրական եւ կոնստրուկտիվ է դարձել: Դրա ցուցանիշն է դարձել այս տարվա սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի` Երեւան կատարած «պատմական» այցը: «Այդ պայմաններում իմաստ կունենա մտածել ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գծով իր ոչ արդյունավետ լինելը ցույց տված Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխման մասին, եւ այնտեղ ԱՄՆ եւ Եվրամիության փոխարեն ընդգրկել Թուրքիայի եւ Իրանի պատվիրակներին»,- գտնում է փորձագետը:



«Արդեն հնացած ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, անկասկած, դժվար է լինելու: Երեւակայական կլիներ ենթադրել, որ քսան տարվա ընթացքում կուտակված խնդիրները կարելի է լուծել մի քանի ամսում, բայց դրանք, միեւնույնն է, պետք է լուծել... Պարզ է մի բան. եթե Ռուսաստանը կարողանա հանդես գալ կոնստրուկտիվ խաղաղարարի դերում, նա ոչ միայն հետ կմղի «խորհրդային կայսրության վերականգնման փորձերի» մասին մեղադրանքները, այլեւ միավորներ կհավաքի ԱՊՀ տարածքում»,- գրում է Ալեքսանդր Կուզնեցովը Գեոպոլիտիկա.ru կայքում հրապարակված «Սառեցված» Անդրկովկաս» հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---