Նախարար. Հանքարդյունաբերությունը չեմ դիտարկում ՀՀ երկարաժամկետ զարգացման հեռանկարում

Նախարար. Հանքարդյունաբերությունը չեմ դիտարկում ՀՀ երկարաժամկետ զարգացման հեռանկարում

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Հայաստանի զարգացման երկարաժամկետ հեռանկարում հանքարդյունաբերույթան ոլորտի զարգացումը չի դիտարկում: Այս մասին, «Ազատություն ռադիոկայանի» հաղորդմամբ, նախարարը հայտնել է Աժ-ում, 2020թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

«Հայաստանն ունի զարգացման շատ մեծ հնարավորություններ՝ ներառյալ նաև կենսառեսուրսների առավել կայուն օգտագործում՝ էկոտուրիզմ, անտառներ, ինչպես նաև ՏՏ ոլորտը Հայաստանի համար պետք է լինի առաջնային»,- ասել է նախարարը:

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը որոշակի փուլերում տվել է թույլտվություններ և լիցենզիաներ հանքարդյունաբերող կազմակերպությանը, իսկ այսօր կան նաև մի շարք մտահոգություններ, նոր եզրակացություններ, այդ թվում`«Էլարդ» միջազգային կազմակերպության և ԳԱԱ-ի ինստիտուտների կողմից տրված, որոնք անհամապատասխանություններ են գտել նախկին փաստաթղթերում։

«Եթե պարզվի, որ որևէ կողմ ոչ պատշաճ է իրականացրել իր գործառույթները` դա կլինի պետական մարմինը, թե «Լիդիանը», ապա այդ ամենը կունենա հետևանքներ»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ եղած իրարամերժ տվյալնեը ամփոփվել ու ներկայացվել են բնապահպանական տեսչությանն ու քննչական մարմնին:

Օգոստոսի 19–ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել. «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։ Օգոստոսի 30-ին ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ կայացած Skype-կոնֆերանսի ընթացքում «Էլարդի» փորձագետները հայտարարել էին, որ չեն վստահում 2016թ–ին կատարված ՇՄԱԳ-ին ու դրա հիման վրա կազմված Ամուլսարի հանքշահագործման ծրագրին, և որ ծրագիրը նոր ՇՄԱԳ-ի կարիք ունի։

Սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինայնը հայտարարել էր, որ Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմք չկա, իսկ ընկերությունը վերահաստատել է, որ հանքը շահագործելու են ամենաբարձր մակարդակով և թույլ չեն տալու աղտոտումներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---