Կենդանաբանական այգու տնօրենը հեռանում է պաշտոնից

Կենդանաբանական այգու տնօրենը հեռանում է պաշտոնից

PanARMENIAN.Net - Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակյան չխախտելով նաև անմեղության կանխավարկածը, որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները:

Պաշտոնավարմանս 8 տարիների ընթացքում Երևանի կենդանաբանական այգին գրանցել է տեսանելի առաջընթաց, վերանորոգվել, բարեկարգվել և կառուցվել են եվրոպական չափանիշներին համապատասխանող ազատավանդակներ, ներմուծվել Երևանում երբևէ չցուցադրված կենդանիներ, բարձրացվել կենդանաբուժական ծառայությունների ստանդարտը, այգին դարձել է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացայի թեկնածու անդամ:

Թեպետ որոշումը կայացրել եմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով, լիահույս եմ, որ լիազորություններիս դադարեցման արդյունքում այլևս կավարտվի կենդանիների անկումների շարանը (այդ թվում՝ թափառող շների հարձակումները), քանի որ աշխատանքիս թիրախում մշտապես ունեցել եմ կենդանիների բարեկեցությունն ու հանրային անվտանգությունը:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ մշտապես եղել եմ, և շարունակելու եմ լինել Երևանի կենդանաբանական այգու կողքին՝ որպես աջակից, ինչպես նաև քաղաքային իշխանությունների թիմակից և ընկեր՝ մշտապես աջակցելով Այգու բարեկարգման որդեգրած ուղին առաջ տանելու հարցում:

Շնորհակալ եմ քաղաքային իշխանություններին՝ ցուցաբերած վստահության համար, և է՛լ ավելի շնորհակալ իմ թիմին՝ իր աշխատանքային պարտականությունները մշտապես գերակատարելու և Կենդանաբանական այգու թռիչքաձև զարգացման ուղին որդեգրելու համար»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն առաջարկել է Կենդանաբանական այգու տնօրենին աշխատանքից ազատվելու դիմում գրել:

Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն նոյեմբերի 1-ի առավոտյան այգում կրկին կենդանիներ են անկել և կրկին թափառող շների ներթափանցման հետևանքով: Հոկտեմբերի 31-ին թափառող շների զոհ էին դարձել կենգուրուները: 3 (երեք) կարմրավիզ կենգուրուների անկում էր գրանցվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---