Ահմադինեջադը շնորհավորել է Օբամային հաղթանակի կապակցությամբ, բայց զգուշացրել, որ «մարդկանց տրված հնարավորությունները հավերժ չեն»

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հինգշաբթի օրը շնորհավորել է Բարակ Օբամային ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: «Ես շնորհավորում եմ Ձեզ այն առիթով, որ Դուք կարողացաք գրավել ձայների մեծամասնությունը: Դուք գիտեք, որ Աստծո կողմից մարդկանց տրված հնարավորությունները հավերժ չեն»,- Ահմադինեջադի հայտարարությունն է մեջբերում IRNA պետական տեղեկատվական գործակալությունը: «Հուսով եմ` Դուք կօգտագործեք ընձեռված հնարավորությունը, որպեսզի գերապատվությունը անարժան եւ եսասեր փոքրամասնության անհագ պահանջմունքների փոխարեն տաք մարդկանց իրական շահերին եւ արդարությանը»:



ԱՄՆ նոր առաջնորդին Իրանի նախագահի ողջույնի ուղերձը դարձավ երկու երկրների միջեւ` բազմաթիվ հակասություններով մռայլեցված հարաբերություններում բարեկամության հազվադեպ արտահայտությունը: Իրանի նախագահ Ահմադինեջադը եւ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջորջ Բուշը մի անգամ չէ, որ փոխանակվել են միմյանց հասցեին կտրուկ արտահայտություններով: Բայց փորձագետները հուսով են, որ ԱՄՆ ղեկավարության փոփոխությունը կնպաստի Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների կարգավորմանը:



ԱՄՆ եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979թ., երբ այաթոլլա Ռուհոլլա Մուսավի Հոմեյնիի կողմնակիցները գրոհով գրավեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը` այն հայտարարելով «Իրանի դեմ դավադրությունների եւ լրտեսության բուն»: ԱՄՆ-ն եւ Արեւմուտքի որոշ այլ երկրներ կասկածում են, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի քողի տակ ատոմային զենք է մշակում եւ նրանից պահանջում են դադարեցնել ուրանի հարստացման բոլոր աշխատանքները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---