Ամանորի միջոցառումները Երևանում՝ դեկտեմբերի 21-ից. Մոտ 325 մլն դրամ կծախսվի

Ամանորի միջոցառումները Երևանում՝ դեկտեմբերի 21-ից. Մոտ 325 մլն դրամ կծախսվի

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի վրա: Որոշվել է ավելացնել Երևանում կայանալիք տոնական միջոցառումների ծավալը:Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա նշել է, որ սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. մասնավորապես, Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք, Երևանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market), հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի և այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ, Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառների ցուցադրություն և այլն:

Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով: Համերգը կսկսվի 23:00-ին:

«Գիտեմ, որ հարկատուներին (իսկ լրագրող գործընկերներիս՝ առաջին հերթին) հետաքրքրում է տոնական միջոցառումներին ծախսվելիք գումարի չափը: Ըստ կառավարության որոշման, նախատեսվել է 271 մլն 797 հզ. դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված մոտ 54 միլիոնին:

Միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն, որոնցից երեքը, Կառավարության, Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ համատեղ քննարկումների արդյունքում, հետևյալն են. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ և «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ և «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ: Չորրորդ ընկերությանը կընտրի Երևանի քաղաքապետարանը»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ գործադիրը որոշում էր կայացրել, ըստ որի, մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպություններն ու գերատեսչությունները կարող են գնումները կատարել մեկ անձից՝ ելնելով գնման առանձնահատկությունից: Ավելի քան մեկ ամիս շարունակ Երևանի քաղաքապետարանի հետ կայացած քննարկումների արդյունքում, կառավարությունը որոշեց ավելացնել Երևանում կայանալիք տոնական միջոցառումների ծավալը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---