Նախագիծ. Մինչև 5 տարվա մեքենա ներկրելիս եկամտահարկի 100-70%-ը կուղղվի տոկոսագումարների մարմանը

Նախագիծ. Մինչև 5 տարվա մեքենա ներկրելիս եկամտահարկի 100-70%-ը կուղղվի տոկոսագումարների մարմանը

PanARMENIAN.Net - Նոր ավտոպարկ ձևավորելու և մինչև 5 տարվա մեքենաների ներմուծումը Հայաստան խրախուսելու համար՝ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ներկայացրել է ավտոպարկի թարմացմանն ու շրջակա միջավայր արտանետումների կրճատմանը միտված նախագիծ: Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ հավելելով, որ ՏԶՆԿ-ն այն կներկայացնի ՀՀ կառավարություն և ԱԺ:

Նախագիծը ենթադրում է, որ մինչև 5 տարվա մաշվածություն ունեցող և 1001-3000 սմ3 ծավալի շարժիչ ունեցող մեքենայի ներկրման պարագայում աշխատողի եկամտահարկի 100-70%-ն ուղղել տոկոսագումարների մարմանը:

Եկամտահարկի մասնաբաժնի աստիճանակարգմամբ կենտրոնը ցանկանում է խրախուսել ոչ մեծ շարժիչ ունեցող մեքենաների ներկրումը՝ մթնոլորտը հնարվորինս քիչ աղտոտելու համար: Նախագծի հեղինակ Նարինե Մեհրաբյանը նշել է, որ 2020թ.-ից երրորդ երկրներից ներկրվող մեքենաների հարկումը շեշտակի բարձրանալու է՝ կապված ԵԱՏՄ կարգավորումների և միասնական շուկայի հետ:

«Առաջարկում է եկամտահարկի որոշակի մասնաբաժինն ուղղել մինչ 5 տարվա մաշվածություն ունեցող մեքենա գնողների տոկոսագումարների մարմանը. արդյունքում կկարողանաք ավելի նոր մեքենա ձեռք բերել, ինչն էլ իր հերթին ավտոպարկի թարմացման կհանգեցնի: Ուզում եմ շեշտել, որ մենք ոչ թե ավտոներկրումն ենք ցանկանում խթանել, այլ բացառապես նոր կամ մինչև 5 տարվա մաշվածություն ունեցող մեքենաների ներկրումը»,- ասել է Նարինե Մեհրաբյանը:

ՏԶՆԿ տնտեսագետ Աննա Մակարյանը ներկայացրել է, որ նախաձեռնության ընդունման արդյունքում որքան կօգտվեն տարբեր չափի աշխատավարձ ստացող քաղաքացիները:

«1,801-3,000սմ3 շարժիչի ծավալի մեքենայի ավտովարկի միջոցով մեքենա ձեռք բերելու դեպքում պետական բյուջեից հետ վերադարձվող եկամտային հարկի մեծությունը (80%-ի չափով) միջին աշխատավարձ ստացողի պարագայում առավելագույնը կկազմի շուրջ 495,000 ՀՀ դրամ, շուրջ 245,000 ՀՀ դրամ ստացողի դեպքում`547,000 ՀՀ դրամ, իսկ 300,000-ի դեպքում`շուրջ 672,000 ՀՀ դրամ»,-ասել է Մակարյանը՝ հավելելով, որ երկարաժամկետ հատվածում ուտիլիզացիոն համակարգի ներդրման պարագայում ՀՀ-ի բյուջեում կարձանագրվեն լրացուցիչ մուտքեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---