ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովում կքննարկվի իրավիճակը Կովկասում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նոյեմբերի 14-ին Նիսում կայանալիք ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի նախօրեին հույս է հայտնել, որ առավել սերտ եւ կառուցողական համագործակցություն կհաստատվի Եվրամիության հետ: Գլոբալ ֆինանսական ճգնաժամն ու եվրաատլանտյան անվտանգության հարցերը ստիպում են այսօր Մոսկվային ու Բրյուսելին ընդհանրություն որոնել դիրքորոշումներում Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողով-20-ից առաջ:



«Ես արժանին եմ մատուցում այն ջանքերին, որոնք ձեռնակել եւ ձեռնարկում է Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանի ու ԵՄ-ի միջեւ լիարժեք, արդյունավետ, երկարաժամկետ, շահավետ, փոխադարձաբար ձեռնատու երկխոսություն հաստատելու գործում:-նախօրեին հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը:-Մենք իրոք հենց նման հարաբերություններ ենք ցանկանում հաստատել Եվրամիության հետ: Մենք գտնում ենք, որ դա անհրաժեշտ է ինչպե Եվրոպայի, այնպես էլ` Ռուսաստանի Դաշնության համար»:



Այս գագաթնաժողովը առաջինն է Կովկասում հակամարտությունից եւ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունների սառեցումից հետո: Եվրոպական անվտանգության համակարգի քննարկման համատեքստում գագաթնաժողովի օրակարգում կլինեն ՀՀՊ-ի, Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի իրավիճակի հարցերը:



«Ռուսաստանը չափազանց կարեւոր աշխարհաքաղաքական դեր է կատարում,-նշել է արտաքին հարաբերությունների եվրահանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները,-մենք անշուշտ, ցանկանում ենք երկխոսություն վարել նրա հետ: Սակայն միեւնույն ժամանակ դա չի նշանակում, որ մենք փոխել ենք մեր դիրքորոշումը, օրինակ, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցում: Դա անհամաչափ էր` այն, թե ինչ պատասխան տվեց Ռուսաստանը Վրաստանին»:



Ըստ մամուլի հաղորդագրությունների, գագաթնաժողովում նախատեսվում է հայտարարել Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման մասին` ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ:



Ձմեռնամուտին կարեւոր հարց է նաեւ էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ, որը մնում է Եվրոպային գազի հիմնական մատակարարներից մեկը: Նախօրեին Եվրահանձնաժողովը հրապարակել է էներգակիրների դիվերսիֆիկացման պլանը, հաղորդում է Euronews-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---