ԼՂՀ ԱԳՆ. Բաքվի ճնշման ներքո «Ռոսիա» հեռուստաընկերությունում կասեցվել է Լեռնային Ղարաբաղի մասին տեսանյութի հեռարձակումը

PanARMENIAN.Net - «Ռոսիա» հեռուստաընկերության եթերից հանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին տեսանյութը, ընդ որում այն բանից հետո, երբ արդեն ցույցադրվել էր Ռուսաստնի Դաշնության հեռավորարեւելյան տարածաշրջանում: Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Ինչպես նշվում է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդման մեջ, «օրերս աշխատանքային գործուղմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էին գտնվում «Ռոսիա» հեռուստաընկերության լրագրողները` <<Վեստի նեդելի>> ծրագրի համար նյութ նախապատրաստելու նպատակով: Լրագրողները տեսանյութ էին պատրաստում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կյանքի եւ հետպատերազմյան վերականգնման մասին, եւ նրանց խնդրանքով ԼՂՀ համապատասխան մարմինները կազմակերպել էին հանդիպումներ հանրության եւ ղեկավարության ներկայացուցիչների հետ, այցելություններ տարբեր հաստատություններ, ձեռնարկություններ եւ այլն: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, ՌԴ հեռավորարեւելյան շրջաններում տեսանյութի ցուցադրումից հետո ադրբեջանական կողմի ճնշման տակ նյութի հեռարձակումը մնացած շրջաններում կասեցվել է»:



«Ու՞մ կարող էր խանգարել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կյանքի մասին օբյեկտիվ տեսանյութը: Պատասխանն ակնհայտ է. Բաքվում վախենում են Լեռնային Ղարաբաղի մասին ճշմարտությունից` առ այն, որ անկախության տարիներին հանրապետությունը հաջողությամբ լուծում է բոլոր խնդիրները եւ հաստատուն քայլերով առաջ է ընթանում: Միանգամայն անընդունելի ենք համարում իրավիճակի օգտագործումը քարոզչական նպատակներով. պետք է հրաժարվել այն տեղեկատվական տեխնոլոգիաներից, որոնք աղավաղում են Ղարաբաղի հակամարտության էությունը: Նման կարգի գործողությունները ամենաբացասական կերպով են անդրադառնում, նախ եւ առաջ, Ադրբեջանի հասարակության վրա, քանզի Ղարաբաղի վերաբերյալ սխալ կարծիք ձեւավորելով` Բաքուն ի չիք է դարձնում բոլոր խաղաղարար նախաձեռնությունները:



Բացի դրանից, տվյալ արտառոց միջադեպը վկայում է այն մասին, որ «Ռոսիա» հեռուստաալիքի ղեկավարությունը Ադրբեջանի իշխանությունների ճնշման տակ «զգուշավորություն» է ցուցաբերում` դրանով իսկ խանգարելով ՌԴ հեռուստադիտողներին` հավաստի տեղեկատվություն ստանալ ԼՂՀ մասին` տխուր օրինակ դառնալով ինչպես մյուս հեռուստաընկերությունների, այնպես էլ տպագիր պարբերականների համար»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---