Հազար Իբրահիմը հանդես է եկել ինքնորոշման սկզբունքի «յուրօրինակ» վերլուծությամբ

PanARMENIAN.Net - «Մենք նույնպես կճանաչենք ազգի ինքնորոշման սկզբունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դեպքում»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հազար Իբրահիմը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի խոսքերն այն մասին, որ հակամարտության ցանկացած կարգավորում պետք է հաշվի առնի ինչպես տարածքային ամբողջականության հարցը, այնպես էլ ազգի ինքնորոշման իրավունքը: Ընդ որում, Հազար Իբրահիմը նշել է, որ ինքնորոշումը կարող է լինել «միայն Ադրբեջանի պետության տարածքային ամբողջականության շրջանակներում»:

«Ինքնորոշման սկզբունքը նախատեսում է որոշակի կարգավիճակ, որը դուրս չի գալիս տարածքային ամբողջականության եւ պետության ինքնուրույնության շրջանակներից»,- ասել է Հ.Իբրահիմը:



Այդ միջոցին, նշենք, որ ազգերի ինքնորոշման սահմանադրական եւ միջազգային իրավունքը ազգերի իրավունքն է` որոշելու իրենց պետական գոյության ձեւը այլ պետության կազմում կամ էլ առանձին պետության տեսքով: Ընդհանուր իմաստով դա այս կամ այն մարդկանց խմբի (պարտադիր չէ էթնիկական սկզբունքով միավորված) իրենց ընդհանուր ճակատագրի կոլեկտիվ ընտրության իրավունքն է:



1966թ. դեկտեմբերի 19-ի Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների եւ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների Միջազգային պակտերում (հոդված 1) ասված է. «Բոլոր ազգերն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն հաստատում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատ կերպով ապահովում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը... Ներկայիս պակտում մասնակցող բոլոր պետությունները... պետք է ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին համապատասխան խրախուսեն ինքնորոշման իրավունքը եւ հարգեն այդ իրավունքը»:



Միջազգային իրավունքի Հռչակագրում (1970թ. հոկտեմբերի 24-ի) նշվում է. «ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ազգերի հավասարության եւ ինքնորոշման սկզբունքի ուժով բոլոր ազգերն իրավունք ունեն ազատ կերպով առանց արտաքին միջամտության որոշել իրենց քաղաքական կարգավիճակը եւ իրականացնել իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը, եւ յուրաքանչյուր պետություն պարտավոր է հարգել այդ իրավունքը Կանոնադրության դրույթներին համապատասխան»:



Նույն այդ Հռչակագրում նշվում է, որ ինքնորոշման իրավունքի իրագործման միջոցներ կարող են հանդիսանալ «ինքնուրույն եւ անկախ պետության ստեղծումը, ազատ միացումը անկախ պետությանը, կամ միավորումը նրա հետ, կամ էլ ցանկացած այլ քաղաքական կարգավիճակի հաստատումը»:



Ընդգծենք, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Կանոնադրությունը ստորագրել է 1991թ., երբ դարձավ ՄԱԿ-ի անդամ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---