«Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայանա. Գնորդ չկա

«Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայանա. Գնորդ չկա

PanARMENIAN.Net - Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի՝ դեկտեմբերի 19-ին նախատեսված աճուրդին մասնակցելու համար որևէ հայտ չի ներկայացվել: Այս մասին հայտնել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, հաղորդում է Armtimes.com-ը:

Բաբայանը նշել է աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կա՛մ չեն հասցրել հայտ ներկայացնել, կա՛մ մտափոխվել են:

Նրա խոսքով՝ հաջորդ աճուրդի ժամանակ արդեն, ըստ կարգի, մեկնարկային արժեքը (7.5 մլրդ դրամը) պետք է 5%-ով նվազի: Հաջորդ աճուրդի համար, սակայն, դեռ օր որոշված չէ:

«Որոշ ներդրողներից արձագանք ենք ստացել, որ հաշվարկը չի արդարացնում, այսինքն՝ գինը բարձր է, և չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել»,-ասել է Բաբայանը՝ հավելելով, որ բացառված չէ, որ պետությունը շահագործի հյուրանոցը:

2018-ին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատեր, ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը: «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ վարույթը կարճվել էր:

2019-ի սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գույքը պետությանը նվիրաբերելու հարցը:

ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում որոշվել էր հյուրանոցը՝ իր շարժական գույքով, օտարել աճուրդային կարգով՝ մեկնարկային գին սահմանելով 7.5 մլրդ դրամը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---