ԵՊՀ ուսխորհրդի նախագահը բերման է ենթարկվել (վիդեո)

ԵՊՀ ուսխորհրդի նախագահը բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Ոստիկանները բերման են ենթարկել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

Նա նաև տեսանյութ է հրապարակել՝ Դավիթ Ափոյանին բերման են ենթարկել հենց ԵՊՀ շենքից։

ՀՀ քննչական կոմիտեից PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Ափոյանը բերման է ենթարկվել խուլիգանության գործով: Ճշտող հարցին ի պատասխան ՔԿ-ից նշել են, որ նշված քրգործը կապ ունի մի քանի օր առաջ ԵՊՀ բակում հնչած կրակոցների հետ:

ՔԿ-ից նշեցին, որ Ափոյանը հարցաքննվելու է որպես վկա:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, տեղեկանալով, որ Ափոյանը բերման է ենթարկվել խուլիգանության գործով՝ նշեց, որ ԵՊՀ ՈՒԽ նախագահը չի կարող առնչություն ունենալ խուլիգանության հետ ու սա սադրանք է:

«Դավիթ Ափոյանը որևէ առնչություն չի կարող ունենալ խուլիգանության հետ, դա իշխանությանը բնորոշ հերթական սադրանք է: Ափոյանը խուլիգանության հետ կապ ունի այնքան, որքան կապ կարող է ունենալ Արայիկ Հարությունյանը»,-եզրափակեց Վարագյանը:

Արձագանքելով հարցին, թե Ափոյանը բերման է ենթարկվել ռեկտորի հետ առանձնազրույցից հետո՝ Վարագյանը նշեց, որ տեղյակ չէ այդ հարցից ու մանրամասներ չի կարող հայտնել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ոստիկանությունը, դեկտեմբերի 20-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ ԵՊՀ բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և հնչել են կրակոցներ: Ավելի ուշ պարզվել է, որժամը 14:00-ի սահմաններում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները զննություն են կատարել տեղանքում, որտեղ հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---