Քաշքշուկ կառավարության մոտ. Զոհված զինվորի հարազատները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

Քաշքշուկ կառավարության մոտ. Զոհված զինվորի հարազատները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

PanARMENIAN.Net - Կառավարության շենքի առջև են հավաքվել բանակում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատները։

Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Արթուր Աջամյանի մայրն իրավապահներից պահանջել է բացել ճանապարհը, որպեսզի ինքը մուտք գործի կառավարություն և հանդիպի գործադիրի ղեկավարի հետ, հայտնում է Aysor.am-ը:

Իրավապահների և ցուցարարների միջև քաշքշուկ է սկսվել։ Այնուհետև զոհված զինծառայողի հարազատները ժամանակավորապես փակել են Տիգրան Մեծ պողոտան։ Իրավապահներն ուժով նրանց հեռացրել են փողոցի երթևեկելի հատվածից։

Արթուր Աջամյանի պապը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կառավարության շենքի առջևից կհեռանան միայն այն ժամանակ, երբ վարչապետը կիջնի և պարզաբանումներ կտա։

«Ես ամեն ինչի ընդունակ եմ, արդարություն եմ ուզում։ Կգնամ դիակը կհանեմ, կբերեմ ստեղ», - ասել է նա։

Արթուր Աջամյանի հարազատներին զայրացրել է ոստիկաններից մեկի կողմից վերջինիս նկարի շրջանակը ջարդելու և նկարը պատռելու հանգամանքը։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների վերադասը նշել է, որ կուսումնասիրեն տեսանյութերը և ըստ այդմ գործողություններ կծավալեն։

Զինծառայողի հորեղբայրն իրաապահներից պահանջել է գտնել նկարը պատռած անձին և իր ներկայությամբ ձեռնաշղթաներ անցկացնել։

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։ Հարազատներն ավելի վաղ արդարության պահանջով ԱԺ շենքի դիմաց էին բողոքի ակցիաներ իրականացնում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---