Նպաստառու ընտանիքի աշխատունակ անդամը 2 անգամ աշխատանքի առաջարկը մերժելուց հետո կարող է զրկվել նպաստից

Նպաստառու ընտանիքի աշխատունակ անդամը 2 անգամ աշխատանքի առաջարկը մերժելուց հետո կարող է զրկվել նպաստից

PanARMENIAN.Net - Նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամին 2 անգամ համապատասխան աշխատանք առաջարկելու և մերժում ստանալուց հետո պետությունը կդիտարկի նպաստից զրկելու տարբերակը:

Այս մասին նախագծին հավանություն է տվել կառավարությունը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված աշխատանքի խրախուսման միջոցով ընտանիքի կայուն եկամտի աղբյուրների ստեղծման, աղքատության հաղթահարման, ինչպես նաև սոցիալական աջակցությունն ավելի հասցեական դարձնելու նպատակից:

«Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամներին աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակ ստանալ նպաստ: Այս փոփոխությամբ, ընտանիքի աշխատունակ, բայց գործազուրկի կարգավիճակ ունեցող անդամի հետ Զբաղվածության պետական գործակալության աշխատանք պետք է տանի: Աշխատանքի անցնելու դեպքում ևս 6 ամիս նպաստ պետք է տրամադրվի: Սակայն այն պարագայում, երբ անձը կհրաժարվի իրեն արված 2 հարմար աշխատանքների առաջարկից, տեղի կունենա անապահովության միավորի կտրուկ նվազում՝ հանգեցնելով նաև նպաստի իրավունքի կորստի»,-ասել է Բաթոյանը:

Նախարարի խոսքով՝ փոփոխությունը նախատեսվում է 2020 թվականի ապրիլից, այն կվերաբերի համակարգ մուտք գործելու համար նոր դիմող քաղաքացիներին:

Նախատեսվում է նաև սահմանափակել սոցիալական որևէ խումբ չունեցող քաղաքացիների պետական նպաստի համակարգում ընգրկվելու հնարավորությունը: Նպաստառուների ցանկ մուտք գործելու համար հաշվի է առնվելու նաև 100,000 դրամ և ավելի միջին ամսական վարկային մարում կատարելու հանգամանքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս բարեփոխումը լուծելու է հասցեակաության հարցը:

«Նպաստ ստացող ունենք, որ ամիսը 1 մլն դրամ վարկ է փակում։ 1 մլն, 800 հազար, 500 հազար … Այսինքն` պետությունից որպես անապահով ակնկալում են 30 հազար դրամ ամիսը, բայց հետո ամիսը 700 հազար դրամ վարկ են փակում։ Ասենք, օրինակ` ավտոմեքենա է առել, «Բրաբուս» է առել ու վարկ է փակում»,- հավելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---