Փաշինյանը՝ ԵՊՀ ՈւԽ նախագահին բերման ենթարկելու մասին. Սխալմունք էր

Փաշինյանը՝ ԵՊՀ ՈւԽ նախագահին բերման ենթարկելու մասին. Սխալմունք էր

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում խոսելով մարդու իրավունքների մասին և անդրադառնալով ԵՊՀ ուսխորհրդի նախագահին բերման ենթարկելու միջադեպին, ասել է, որ սխալմունք է տեղի ունեցել:

Կառավարությունն ընդունել է «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

«Վերջին օրերին ԵՊՀ-ի դեպքը շատ քննարկվում է, պետք է խոստովանել, որ տեղի է ունեցել սխալ, որը իր հետ պետք է բերի հետևանքներ: Մենք այսօր երկու վիճակ ունենք. մի կողմից այսօր կա չափազանցված ագրեսիվության պրոբլեմ, և երբ շատ հետևողականորեն պայքարում ես դրանց դեմ, սկսում է համակարգում չափազանցված պասիվության պրոբլեմ», - ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն:

Վարչապետը հավելել է, որ հաճախ ոստիկանությունը, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչները, չարդարացված ագրեսիվություն են ցուցաբերում, դա կոնկրետ պատճառ ունի՝ դա բավարար կրթության, իրազեկվածության, գրագիտության պակասն է, բայց, խնդիրը լուծելու համար, պետք է առաջին հերթին խոստովանել դրա առկայությունը:

Դեկտեմբերի 24-ին Դավիթ Ափոյանը ձեռնաշղթաներով բերման էր ենթարկվել ԵՊՀ բակում օրեր առաջտեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում: Մի քանի ժամ անց նա ազատ էր արձակվել: Ափոյանը վկայի կարգավիճակ ունի այդ գործով:

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի բերման ենթարկվելու դեպքով ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---