Հայկական եկեղեցիների ոչնչացման ՎՈՒԵ քաղաքականությունը սկսել է ավելի ագրեսիվ բնույթ կրել

PanARMENIAN.Net - «ՎԵրջին միջադեպը Թբիլիսիի հայկական Նորաշեն եկեղեցում հանդիսանում է Վրացական Ուղղափառ Եկեղեցու` հայկական եկեղեցիների ոչնչացման հին քաղաքականության շարունակությունը, բայց այժմ այն ավելի ագրեսիվ բնույթ է կրում: Ցավոք սրտի, Վրաստանի հայկական եկեղեցիների եւ տաճարների ապագայի հարցն այդպես էլ չբարձրացվեց պետական մակարդակով, եւ եթե իրադարձությունները զարգանան այդ կերպ, շատ շուտով մենք կկորցնենք Վրաստանում ունեցած մեր մշակութային ժառանգությունը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է վրացագետ Հայկազ Ալվրցյանը եւ ավելացրել, որ մինչ օրս ՀՀ կառավարությունը կամ Մայր աթոռ Սբ.Էջմիածինը այդ հարցի առնչությամբ հստակ քաղաքականություն չեն մշակել:



«Մենք միայն արձագանքում ենք կատարվող իրադարձություններին: Անհրաժեշտ է հասկանալ, որ Վրաստանի հայկական համայնքը չի կարող միայնակ լուծել հայկական եկեղեցիների եւ տաճարների գոյության խնդիրը, եւ ինձ զարմացնում է Մայր աթոռ Սբ.Էջմիածնի դիրքորոշումը ՀԱԵ Վրացական Թեմի խնդիրների առնչությամբ»,- հայտնել է փորձագետը եւ ավելացրել, որ նման դեպքերի հանդեպ հայկական իշխանությունների կողմից միայն արձագանքի արտահայտությունը չի կարող այդ խնդրի լուծումը դառնալ: Նրա խոսքերով, Հայաստանը կարող է լուծել այդ խնդիրը` արտահայտելով իր հստակ եւ աներեր դիրքորոշումը միջազգային մակարդակով: «Մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը Ջավախքում եւ Վրաստանի ողջ տարածքում մեր մշակութային ժառանգության պահպանման համար: Հայ Առաքելական Եկեղեցին այդ ուղղությամբ պետք է ակտիվ քաղաքականություն վարի եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ հստակ ներկայացնի իր դիրքորոշումը` չվախենալով որեւէ հետեւանքներից»,- նկատել է Հայկազ Ալվրցյանը:



Նոյեմբերի 16-ին Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Տարիել Սիքինչելաշվիլին բանվորների հետ, բուլդոզերի օգնությամբ սկսել է քանդել Թբիլիսիի Նորաշեն վանքի բակում գտնվող Միխաիլ եւ Լիդիա Թամամշեւների գերեզմանները: Թիֆլիսահայերի վրդովված ամբոխը պահանջել է իրենց տեղը վերադարձնել շիրմաքարերը, լեզվակռիվ է ծավալվել: Հայր Տարիելը կտրուկ հայտարարություններ է արել հայերի հասցեին, ընդգծելով, թե «հայերը միշտ հակված են յուրացնել այն, ինչ իրենցը չէ», իսկ այն բանից հետո, երբ պատահարի վայր են ժամանել ՀԱԵ տեղի թեմի ներկայացուցիչներն ու Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրտը, վրացի եկեղեցականը սկսել է արդարանալ, թե ժամանակավորպես տեղափոխում էր քարերը եկեղեցու բակը բարեկարգելու նպատակով, իսկ ավելի ճիշտ «շիրմաքարերի տակ մաքրելու համար...»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---