ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը չի օգտվի վաղաժամ կենսաթոշակի հնարավորությունից

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը չի օգտվի վաղաժամ կենսաթոշակի հնարավորությունից

PanARMENIAN.Net - ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը չի օգտվի վաղաժամ կենսաթոշակի հնարավորությունից: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին Սահմանադրական դատարանի դիմաց:

«Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ և հպարտ եմ իմ կենսագրության յուրաչքանյուր էջով: Ես չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից: Պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը՝ լինել անկախ, անաչառ և իրականացնել Սահմանադրության գերակայության ապահովումը», - ասել է Պետրոսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն պնդումներին, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, դատավորն ասել է, որ ճգնաժամ կարող էր առաջանալ միայն այն դեպքում, եթե ՍԴ-ն իր աշխատանքները չիրականացներ, մինչդեռ ՍԴ-ն բնականոն հունով շարունակում է աշխատանքները:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը մասնկացում է ՍԴ աշխատանքներին՝ Պետրոսյանն ասել է, որ Գրիգորյանին տեսնում է միայն ՍԴ միջանցքներում՝ այս կամ այն սենյակ մտնելիս:

«Նա աշխատանքային նիստերին չի մասնակցում: Ես տեղյակ չեմ ինքը ՍԴ շենքում է, թե ոչ այս պահի դրությամբ: Մենք ունեցել ենք պատրաստակամություն լսել իրեն, իր դիտարկումները: Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՍԴ բոլոր դատավորների հետ պատրաստ է իր նկատառումները կիսել, օրինակ, իմ հետ նա նման հանդիպման նախաձեռնություն չի ունեցել, թե ինչու, չգիտեմ, կարող եք հարցնել իրեն», - ասել է ՍԴ դատավորը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով, հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ավելի վաղ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորույթյունները դադարեցնելու նախաձեռնությամբ էր հանդես եկել: ՍԴ-ն ԱԺ-ի դիմումը մերժել էր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---