Հայաստանը Բալթիկայի երկրներից համագործակցություն է ակնկալում ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացում

PanARMENIAN.Net - Թալին կատարած պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրմաս Պաետի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննրակվեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Նախարարները կարեւորեցին երկու ԱԳՆ-ների միջեւ կանոնավոր կերպով անցկացվող խորհրդակցությունները` որպես համագործակցության հաջող ձեւաչափ: Ուրմաս Պաետըշնորհակալություն հայտնեց օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Վրաստանից Էստոնիայի քաղաքացիներին էվակուացիայի ժամանակ Հայաստանի ցույց տրված աջակցության համար` որակելով այն որպես բարեկամական հարաբերությունների դրսեւորում:



Նախարարները քննարկեցին տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը: Մասնավորապես մտքեր փոխանակվեցին համատեղ գործարար համաժողով կազմակերպելու, ԵՊՀ եւ Տառտուի համալսարանի միջեւ համագործակցության մասին արձանագրություն ստորագրելու եւ մշակութային փոխանակումներ իրականացնելու վերաբերյալ: Հայաստանի եւ Էստոնիայի արգործնախարարները բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության ընթացքի եւ այդ ոլորտում կատարվելիք քայլերի վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը, վկայակոչելով նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, նշեց հայկական կողմի ակնկալիքը ԵՄ հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման, ինչպես նաեւ ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի եւ այդ հարցում Բալթյան երկրների կողմից հնարավոր աջակցության վերաբերյալ:



Էստոնիայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները: Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը` Ուրմաս Պաետն ասաց, որ մտադիր է Հայաստան այցելել 2009 թ. առաջին կեսին:



Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամլո ասուլիս, ապա Ուրմաս Պաետը պաշտոնական ճաշ տվեց Էդվարդ Նալբանդյանի պատվին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---