Փաշինյան. ՀՀ-ում ամենամեծ խնդիրներից մեկը հասարակական զուգարաններն են

Փաշինյան. ՀՀ-ում ամենամեծ խնդիրներից մեկը հասարակական զուգարաններն են

PanARMENIAN.Net - Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը հասարակական զուգարաններն են, կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցն ազդում է նաև զբոսաշրջության ու սպասարկման ոլորտի զարգացման վրա:

«ՀՀ-ում, որքան էլ զավեշտալի հնչի, որ մենք այս հարթակում ստիպված ենք այդպիսի հարցեր քննարկել, ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերում է զուգարաններին: Սա քաղաքակրթական կարևորագույն խնդիր է: 5 հարկանի ռեստորան է բացվում, որտեղ աթոռները ոսկեջրած են, սակայն երբ զուգարանի դուռը բացում ես՝ քեզ թվում է, որ աղետյալ շրջանում ես գտնվում»,- ասել է վարչապետը՝ հետաքրքրվելով, թե կան արդյոք այդ ոլորտում ինչ-որ ստանդարտներ:

Հարցին ի պատասխան տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ ստանդարտներ կան, բայց դրանք ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար որոշ փոփոխություններ են պատրաստում: Հաստատված նորմերը կարող են պատրաստ լինել արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում, որից հետո աշխատանքներ կտարվեն նաև տուգանքների խստացման մասով, նորմերի խախտման դեպքում էլ հնարավոր է նաև օբյեկտներ փակվեն:

Փաշինյանի խոսքով՝ չի կարելի կառուցել $500,000 դոլարանոց ռեստորան, սակայն $50 ավելի չծախսել՝ նորմալ զուգարան ունենալու համար: Ասում է՝ սա ոչ միայն քաղաքակրթական, այլև քաղաքաշինական հարց է:

Իր հերթին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ միջպետական ճանապարհներին գտնվող գազալցակայաններում այս հարցի շուրջ արդեն 2 անգամ ստուգումներ են տարվել, որոշ հարցեր կարգավորվել են, բայց այն մշտական ուշադրության կենտրոնում պահելու խնդիր կա:

Ըստ նախարարի՝ հարցն արդյունավետ լուծելու համար պետք է խստացնել պատիժները, ընդհուպ մինչև տվյալ գազալցակայանի գործունեության կասեցումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---