Փաշինյանն առաջարկել է տուգանել ՀԴՄ չտրամադրելու մասին ահազանգերի հիմքով

Փաշինյանն առաջարկել է տուգանել ՀԴՄ չտրամադրելու մասին ահազանգերի հիմքով

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՀԴՄ կտրոն չտրամադրողը պետք է պատժվի, իսկ քաղաքացիները պետք է կարողանան ֆիքսել այն չտրամադրող տնտեսվարողի խախտումը, Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ՀԴՄ կտրոն չտալու ահազանգերը շարունակվում են:

«Վարչարարության առումով խոսել ենք, որ պետք է խիստ վերաբերվենք, բայց ՊԵԿ նախագահին մի գաղափար եմ առաջարկել, որ հնարավորություն տրվի, որպեսզի ՀԴՄ չթողարկելու մասին փաստող քաղաքացիների կողմից տրամադրված տեսագրության հիման վրա հարկային մարմինը վարչական վարույթ իրականացնի»,- ասել է Փաշինյանը:

Արձագանքելով առաջարկին՝ արդարադության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ խնդիր կա, քանի որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ գործերը դատարանները համատարած անվավեր են ճանաչում՝ հնարավոր չի լինում ապացուցել այն տալ-չտալու հարցը:

Բադասյանի խոսքով՝ վեճը լուծելու համար մոտ 2 տարի առաջ առաջարկվել էր հարկային տեսուչներին համապատասխան տեխնիկական միջոցներով զինել գնման փաստը տեսաձայնագրելու համար, բայց ֆինանսների նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել:

«Մենք ունեինք գաղափար նույնը անելու, ՄԻԵԴ-ի տարբեր վճիռներ էինք ուսումնասիրում՝ հասկանալու համար, թե նման տեսաձայնագրումը արդյոք որևէ խախտում կենթադրի, թե՝ ոչ, քանի որ որոշակի առումով անձնական կյանքի միջամտություն կա: Բայց գտանք, որ եթե բիզնեսում է տեսանկարահանումը կատարվում, դա անձնական տվյալներին չի առնչվում: Հիմա պատրաստ ենք ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության հետ այդ ճանապարհով գնալ, որ տեսուչները տեսաձայնագրեն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ քաղաքացու կողմից խնդրի արձանագրումը խնդրահարույց է:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ևս համաձայնել է Բադասյանի հնչեցրած կարծիքին՝ նշելով, որ իդենտիֆիկացիայի հետ կապված խնդիրներ են առաջանալու: Նրա խոսքով՝ խնդիրը լուծելու համար օրենսդրական նախաձեռնություն է պետք:

«Ես կոնկրետ քաղաքական խնդիրը առաջադրում եմ, դուք պետք է լուծումները գտնեք, գնացեք գտեք լուծումներ»,- արձագանքել է Փաշինյանը:

Անդրադառնալով նկարահանման հետ կապված մարդու իրավունքների խախտման հարցին, վարչապետը նշել է, որ իր տվյալներով՝ բացարձակ իրավունք չկա: Անանյանն արձագանքել է, որ բացարձակ է խոշտանգումից ազատ լինելու իրավունքը, Փաշինյանը հակադարձել՝ «ուրեմն մենք բոլորս պետք է ազատ լինենք ՀԴՄ-ի խոշտանգումից ազատ լինելու իրավունքից լիարժեք օգտվենք»:

Իր հերթին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է՝ պատշաճ կագավորումների պարագայում Եվրոպական կոնվենցիայի հետ կապված խնդիրներ չեն լինի:

Երկարատև քննարկումն ամփոփելով, վարչապետն ասել է, որ կրկին ակտիվանալու են «ժողովրդին «գործ տվող» են սարքում» ոճի խոսակցությունները։

«Որպես մարդ, ով հանգամանքների բերումով լայն շփում է ունեցել այդ ենթամշակույթը կրող շրջանակների հետ, ուզում եմ ասել, որ «գործ չտալու» մասին խոսողներն ամենամեծ «գործ տվողներն» են՝ պայմանով, որ անում են դա իրենց անձնական խնդիրները լուծելու ու շարհագրգռվածության համար։ Մեր առաջարկն է՝ մեր տեսածը և լսածը, անկախ նեղ շահերի հակասությունից, օգտագործել հանրային շահի համար», - եզրափակել է Կառավարության ղեկավարը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---