Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալներին ազատելու դեմ բողոքող մայրերը դատախազի հետ հանդիպումից մասամբ գոհ են

Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալներին ազատելու դեմ բողոքող մայրերը դատախազի հետ հանդիպումից մասամբ գոհ են

PanARMENIAN.Net - Ապօրինի որդեգրման ճանապարհով երեխաներին կորցրած մայրերը Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիայից հետո հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ինչպես հայտնում է Aysor.am-ը՝ ծնողները մասամբ գոհ են հանդիպման արդյունքներից:

Հունվարի 10-ին առավոտից ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալներին ազատ արձակելու դեմ բողոքի ակցիա են անում իրենց նորածին երեխաներին տարբեր տարիների կորցրած մայրերը: Նրանք նշում էին, որ երեխաների ծննդյան և մահից հետո տրված փաստաթղթերի մեջ անհամապատասխանություններ են եղել, իսկ գործերի քննությունն օբյեկտիվ չի տարվել: Նրանք կասկածներ ունեն, որ իրենց երեխաները ողջ են:

«Հայ Մայրեր» հասարակական շարժման հիմնադիր Հայկուհի Խաչատրյանը նշել է, որ իրենց պահանջը մեկն է՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կալանավորումը: Մայրերը նշել են, թե կասկածներ ունեն, որ դատախազության աշխատակիցները միջամտում են գործի բացահայտմանը:

«Հանդիպեցինք գլխավոր դատախազի հետ: Ներկա էին այլ պաշտոնատար անձինք, նրանք վստահեցրին, որ գործն օբյեկտիվորեն քննվելու է, ցանկալի արդյունքը ստանալու ենք: Ասացին, որ բողոքարկել են Աբրահամյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը ու սպասում են արդյունքներին», - նշել է Հայկուհի Խաչատրյանը:

2019-ի դեկտեմբերի 18-ին ապօրինի որդեգրման գործի շրջանակում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել էին Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ –ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Դեկտեմբերի 30-ին հայտնի էր դարձել, որ ապօրինի որդեգրումների քրգործով 5 մեղադրյալն էլ դատարանների կողմից ազատ են արձակվել։ Աբրահամյանն ազատ էր արձակվել առանց գրավի։ Դատախազությունը բողոքարկել է ապօրինի որդեգրումների գործով խափանման միջոցների վերաբերյալ դատարանի որոշումները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---