Ռազմավարական պահուստում կարող է նյութական 5 արժեք ավելանալ

Ռազմավարական պահուստում կարող է նյութական 5 արժեք ավելանալ

PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունների ժամանակ շրջափակման պայմաններում բնակչության և զինված ուժերի կարիքների ապահովման համար առաջարկվում է նյութական 5 արժեք ավելացնել ռազմավարական պահուստում:

«Նյութական պահուստի մասին» օրենքի նախագիծն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը:

Դրանով առաջարկվում է ավելացնել բենզին, դիզվառելիք, պարենային ցորեն, շաքարավազ և բուսական յուղ ներմուծող, ինչպես նաև զորահավաքային նշանակությամբ կազմակերպությունները, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նազարյանը նշել է, որ որդեգրվում է քաղաքականություն, ըստ որի՝ թվարկված 5 տեսակի արտադրանք ներմուծող տնտեսվարողն իրենց ռեզերվում 10% արտադրանք պահեն։

Ըստ Նազարյանի` քանի որ էներգակիրները, ինչպես նաև մի շարք պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվում է, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատև խափանումը կարող է հանրապետությունում ճգնաժամ առաջացնել, որի կանխարգելումը պետական նյութական պահուստի նշանակությունն է։

Ռազմավարական նշանակություն ունեցող պաշարների ձևավորման համար պահանջվում են զգալի ֆինանսական միջոցներ, իսկ գործող իրավական դաշտը, շուկայական հարաբերությունների պայմաններում բավարար չափով չի ապահովում պետպահուստի նյութական արժեքների թարմացման և փոխարինման գործընթացի արդյունավետությունը։

Նազարյանը հավելել է, որ օրենքով զորահավաքային կազմակերպությունների հետ պայմանագիր է կնքվում՝ լրացուցիչ ծախսերը փոխհատուցելու համար:

«Ենթադրվում է, որ որոշակի պահեստարան պետք է գործի, կամ մի աշխատող կընդունենք, և տնտեսվարողների հետ փոխադարձ պայմանագրով կկարգավորվի այդ ամենը»,- ասել է նա։

Նազարյանը նշել է, որ պահուստում կան ապրանքներ, որոնց պիտանիության ժամկետը լրանալուց հետո մեծ կորուստներ են լինում, և դրանք ճիշտ ժամանակին լրացնելու համար առաջարկվում է տնտեսվարողներին ապրանքի 10%-ը ռեզերվում պահել։

Ներկայումս պետական նյութական պահուստի ձևավորման, պահպանման, թարմացման, փոխարինման գործառույթները իրականացվում են բացառապես բյուջետային ֆինանսավորմամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---