ՌԴ-ում սպանության մեջ մեղադրվողների պաշտպաններն ու հարազատները բողոքի ակցիա են արել ՌԴ դեսպանատան մոտ

ՌԴ-ում սպանության մեջ մեղադրվողների պաշտպաններն ու հարազատները բողոքի ակցիա են արել ՌԴ դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույցի էին դուրս եկել ՌԴ-ում հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության համար մեղադրվող անձանց պաշտպաններն ու հարազատները, որոնք ընդունելություն էին ակնկալում։ Մինչև այդ նրանք նամակ էին ուղարկել դեսպանին, որը ևս, ըստ փաստաբանների, անարձագանք էր մնացել, տեղեկացնում է «Ազատությունը»:

Գործով մոտ կես տարի կալանավորված 9 հոգին էլ ազգությամբ հայ են՝ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներ: Ռուս հատուկջոկատայինը սպանվել է 2019-ի ամռանը Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի սրճարաններից մեկում վիճաբանության ժամանակ։ Դեպքի օրը տարածքում եղած անձանց հարազատներն ու պաշտպանները թերահավատ են, որ գործն օբյեկտիվ կընթանա, ասում են՝ նախաքննությունն ավարտվել է, ու պնդում՝ այն ապօրինություններով է ընթացել։ Իրենց պաշտպանյալներն առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Կալանավորվածներից 4-ը սպանության և խուլիգանության համար են մեղադրվում, 5-ը՝ միայն խուլիգանության։ Միջազգային հետախուզում է հայտարարվել Հովհաննես Հայրապետյանի նկատմամբ: Ըստ պաշտպանների՝ հենց նա է սպանել ռուս հատուկջոկատայինին։ Հայրապետյանի եղբոր փաստաբան Կարեն Ներսիսյանը պնդում է՝ իր պաշտպանյալի եղբայրն ինքնապաշտպանվել է ռուս հատուկջոկատայինից։

«Հովիկ Հայրապետյանն իրեն պաշտպանել է, նա այդ իրավունքն ունի։ Եթե մարդու վրա կրակում են ատրճանակից և այդ նույն ատրճանակն ուղղում են ուրիշների վրա, ոչ մեկ ապահովված չէ, որ էլի զոհեր չեն լինի, դրա համար Հովիկ Հայրապետյանը ստիպված դիմել է այդ քայլին», - նշել է Ներսիսյանը։

Պաշտպանները համոզված են՝ 9 քաղաքացին կալանավորվել են, քանի որ ազգությամբ հայ են։ Ասում են՝ տարածքում այլազգիներ էլ են եղել։ Իսկ 9 անձի կալանավորումն անհիմն են համարում, քանի որ, ըստ նրանց, քրեական գործում ոչ մի ապացույց չկա իրենց պաշտպանյալներին նման մեղադրանքներ առաջադրելու համար։

Նիկիտա Բելյանկինը միջամտել է «Բիրհաուս» բարի մոտ ծեծկռտուքին, որտեղ 10 հոգի 2-ին էին ծեծում: Նախկին հատուկջոկատայինը հանել է տրավմատիկ հրացանն ու նախազգուշական կրակոց արձակել օդ՝ ուշադրությունն իր վրա շեղելու համար: Դրանից հետո Բելյանկինին տապալել են գետին և սկսել են ծեծել, պատմել է նրա հայրը: Նախկին մարտիկին հաջողվել է դուրս պրծնել և ևս մի քանի անգամ կրակել, որից հետո հարձակվողներից մեկը դանակահարել է նրան:

Հարձակվողները փախել են, շտապ օգնությունը պատահարի վայր է հասել, երբ Բելյանկինն արդեն մահացել էր: Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել սպանության և առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու հոդվածով: Բելյանկինի սպանության գործը հետաքննում է ՔԿ կենտրոնական աշխատակազմը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---