Երևանում թափառող շների կողմից կծվելու դեպքերն աճել են

Երևանում թափառող շների կողմից կծվելու դեպքերն աճել են

PanARMENIAN.Net - Թափառող կենդանիների կողմից կծվածության դեպքերը ՀՀ-ում, ու, հատկապես, Երևանում վերջին տարիներին դինամիկ աճել են. 2016-ից մինչև 2019-ի ավարտը դրանք ավելացել են մոտ 63%-ով (20,090 դեպք), ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ հղում անելով համապատասխան հարցմանն առողջապահության նախարարի պատասխանին:

ԱՆ-ից պատգամավորին տրամադրել են վերջին 4 տարվա տվյաները, ըստ որոնց՝ 2019-ին գրանցվել է թափառող շների կծելու 6515 դեպք, որից 1781-ը՝ Երևանում: Տվյալներից բխում է, որ կծման դեպքերի աճ երկրում ու մայրաքաղաքում եղել է բոլոր տարիներին, բայց 2016-17-ին Երևանում դեպքերի աճը կազմել է մոտ 10%, 2017-18-ին՝ մոտ 19%, իսկ 2019-ին՝ 2018-ի համեմատ, մոտ 27%։

Մոտ 1 տարի առաջ Երևանի ավագանին հավանություն էր տվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ստեղծմանը: Ակնկալվում էր, որ նաև հարևան համայնքներում նման ծրագրերի ներդրմամբ թափառող կենդանիների քանակը կհասցվի նվազագույնի: Սակայն 2020-ին ևս Երևանի մի շարք վարչական շրջանների բնակիչներ ահազանգում էին թափառող շների հարձակումների մասին:

2019-ի հոկտեմբերին ԱԺ-ն քրեականացրեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը: Ըստ օրենքի՝ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը պատժվում է տուգանքով՝ 100-300,000 դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարով:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը PanARMENIAN.Net ին ասել էր, որ տեղյակ են Երևանում շների հարձակումների և դրանց հետևանքով տուժած քաղաքացիների մասին դեպքերին, գիտեն նաև, որ վերջին 2 ամսում որոշակի լարվածություն կա: Ըստ խոսնակի՝ 2019-ից գործող ՀՈԱԿ-ը շարունակում է աշխատել՝ մարդկանց և կենդանիների անվտանգ համակեցությունն ապահովելու սկզբունքով: Նշվել էր, որ վերջին ամիսների լարվածությունը, ենթադրաբար, պայամանավորված է ցուրտ սեզոնով և թափառող կենդանիների սննդի պակասով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---