Օհանյանը՝ $2․9 մլն արժեքով գույքի վատնման գործով կասկածյալ

Օհանյանը՝ $2․9 մլն արժեքով գույքի վատնման գործով կասկածյալ

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել Ք․Օ․ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքի` առանձնապես խոշոր չափերի` մոտ 1․046 մլրդ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու գործով, հայտնում են ՀՔԾ-ից:

Ըստ քրգործի` կասկածանքն առնչվում է «Ձորահէկ» ՓՀԷԿ-ի մասնավորեցման գործընթացին։ 2010 թվականի ընթացքում ՊՆ կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող ՊՆ-ին հավանություն տալ 3․6 մլրդ դրամով ընկերության գույքն օտարել «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին:

Այնուհետև Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը նրա հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում և դեկտեմբերի 16-ին ընդունված որոշման հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ մոտ 4․646 մլրդ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին է իրացվել իրական արժեքից մոտ 1․046 մլրդ դրամ (ԿԲ տվյալ օրվա՝ մոտ 361 ՀՀԴ $1 դիմաց փոխարժեքով՝ համարյա $2.9 մլն՝ խմբ․) պակաս գումարով:

Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Օհանյանը որպես մեղադրյալ է անցնում նաև Մարտի 1-ի գործով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---