10 դեկտեմբերի 2008 - 14:13 AMT
Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը շարունակում է պարտադիր պայման հանդիսանալ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար
Դեկտեմբերի 8-ին, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը Փարիզում կազմակերպեց ղարաբաղյան շարժման 20-ամյակին նվիրված ընդունելություն: Ինչպես հաղորդում է ԼՂՀ մամլո ծառայությունը, ընդունելությանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքապետեր, քաղաքական գործիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանն իր ելույթում կարեւորեց ղարաբաղյան շարժման նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ: «20 տարի է անցել պատմական 1988-ից ի վեր: 20 դժվար տարիների ընթացքում մենք ապրեցինք պատերազմ, տվեցինք մարդկային անհամար զոհեր, կրեցինք եւ շարունակում ենք կրել ծանր շրջափակումԲայց մենք կարողացանք դիմանալ եւ շնորհիվ մեր միասնության ու համերաշխության հասանք հաղթանակի»,- նշեց Հ.Գեւորգյանը:

Խոսելով Արցախի տարած հաղթանակում Սփյուռքի ունեցած դերի մասին, Հովհաննես Գեւորգյանը նշեց, որ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը շարունակում է պարտադիր պայման հանդիսանալ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծման եւ ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում:

Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը անդրադարձավ նաեւ 1988թ-ի սումգայիթյան ողբերգական իրադարձություններին եւ Սպիտակի երկրաշարժին : Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: