ԿԲ-ն 3 նոր հուշադրամ է թողարկել

ԿԲ-ն 3 նոր հուշադրամ է թողարկել

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկը (ԿԲ) 3 նոր հուշադրամ է թողարկել:

Հուշադրամներից մեկը նվիրված է 1893-ից Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի 200-ամյակին: Արծաթե հուշադրամի դիմերեսին պատկերված է Խրիմյան թանգարան-պատկերասրահի շենքը, զարդանախշ` վարդյակ, հատված «Երկաթե շերեփ» հուշաղբյուրից (գործ` Արեգ Իսրայելյանի), Խրիմյան Հայրիկի պատգամը և ստորագրությունը: Դարձերեսին Խրիմյան Հայրիկի դիմապատկերն է: Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում, անվանական արժեքը 1000 դրամ է, այն պատրաստված է 925 հարգի արծաթից, քաշը 33,6 գ է: Տրամագիծը 40,0 է, թողարկվել է 500 նմուշ տպաքանակով, դրամաշուրթն ատամնավոր է, որակը՝ պրուֆ:

Մյուս հուշադրամը նվիրված է ֆրանսահայ նկարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանցի անդամ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013 թթ․) 100-ամյակին: Արծաթե հուշադրամի դիմերեսին պատկերված է հատված նկարչի «Կակաչներ» (1982 թ.) կտավից: Դարձերեսին Ժանսեմի դիմանկարն է և հատված նկարչի «Դեղին հագուստով կինը» (1968 թ.) կտավից:

Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանական արժեքը 100 դրամ է, այն պատրաստված է 925 հարգի արծաթից, քաշը 28,28 գ է, չափը՝ 28,0 x 40,0: Թողարկվել է 500 նմուշ տպաքանակով, դրամաշուրթը հարթ է, որակը՝ լավացված:

Ժանսեմին նվիրված մեկ այլ՝ ոսկե հուշադրամի դիմերեսին դրվագ է նկարչի «Դիմակներով կինը» (1978 թ.) կտավից, դարձերեսին` նրա դիմապատկերը: Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյան, հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Հուշադրամի անվանական արժեքը 10,000 դրամ, հարգը՝ ոսկի 900, քաշը՝ 8,6 գ: Տպաքանակը 300 հատ է, դրամաշուրթը՝ ատամնավոր, որակը՝ պրուֆ:

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որը շատ ավելի ցածր է ինքնարժեքից՝ բաղկացած հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հանդիսանալով հավաքորդական առարկա, դրանք թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---