ՔԿ. Գյումրիում կնոջը սպանած, նրա դստերը ծեծած տղամարդը խոստովանել է արարքը, ձերբակալվել է

ՔԿ. Գյումրիում կնոջը սպանած, նրա դստերը ծեծած տղամարդը խոստովանել է արարքը, ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Գյումրիում 42-ամյա կնոջը ծեծելով սպանած և նրա 12-ամյա երեխային ծեծի ենթարկած 28-ամյա տղամարդը ձերբակալված է: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նա առերևույթ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել, ապա խոստովանել, որ ինքն է ծեծել 42-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը:

Մարտի 5-ին` ժամը 14:50-ին, ապա՝ 15:15-ին շտապօգնությունից ահազանգեր են ստացվել, որ Գյումրիի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա 12-ամյա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է հիվանդանոց:

Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած իրավապահները նշված տանը հայտանաբերել են բնակչուհու դին՝ բռնության հետքերով, ինչպես նաև՝ վերջինիս ծանոթ, Գյումրիի 28-ամյա բնակչին:

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով:

Ավելի վաղ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, նա շնչում է արհեստական սարքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---