Իրանից եկած 857 վարորդ ՀՀ ամբողջ տարածքում հսկողության տակ են եղել

Իրանից եկած 857 վարորդ ՀՀ ամբողջ տարածքում հսկողության տակ են եղել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող ՀՀ կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից մուտք գործած 857 վարորդի (որից 228-ն՝ Իրանի քաղաքացի) հանդեպ սահմանվել է հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադարձը:

Իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվել է ըստ բնակության վայրի, ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվել են ոստիկանության ուղեկցությամբ և ԱՆ մասնագետների պարբերաբար հսկողությամբ:

Շարունակվում է պետսահմանի անցակետերում ուժեղացված հսկողությունը: Ներկայումս 14-օրյա բժշկական հսկողությունն իրականացվում է Իրանից, Իտալիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից ժամանած ուղևորների նկատմամբ՝ անկախ քաղաքացիությունից (երկրների ցանկում ավելացվելու են Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան):

Մարտի 9-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված 211 հետազոտություն է իրականացվել՝ 1 դրական արդյունքով:

Երևանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային փորձագետները, ովքեր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ հոսպիտալային պատրաստվածության և լաբորատոր հետազոտությունների գնահատում են իրականացնելու:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում ձևավորվել է «Օպերատիվ զանգերի կենտրոն», հեռախոսահամարը` 060 83 83 00, որն աշխատում է շուրջօրյա:

Մարտի 10-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 113,000 է, նրանցից մոտ 80,000-ը Չինաստանում են: Վիրուսից աշխարհում մահացել է մոտ 4024 մարդ, ևս 64,000-ը ապաքինվել են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վիրուսի դեմ պատվաստանյութ դեռ չկա: Խորհուրդ է տրվում կորոնավիրուսից խուսափելու համար հաճախ լվանալ ձեռքերը, պահել հիգիենայի կանոնները և չդիպչել դեմքին, քթին, բերանին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---