«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ֆինանսավորումը կավելանա

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ֆինանսավորումը կավելանա

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլը: Ռուսաստանի տրամադրած հավելյալ միջոցներով 2020-ին ծրագրի ֆինանսավորումը $3 մլն-ից հնարավոր կլինի հասցնել $5 մլն-ի:

Ծրագիրն իրականցվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հետ համատեղ:

2019-ի դրությամբ, ծրագիրն իրականացվում է ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Արագածոտնի մարզերի 412 հանրակրթական ուս.հաստատությունում: Սնունդ է տրամադրվում 1-4-րդ դասարանների մոտ 50,000 աշակերտի:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2010 թվականից: Ազգային ծրագրի շրջանակում սնունդ է տրամադրվում տարրական դասարանների և դպրոցի նախապատրաստական խմբեր ունեցող բոլոր հանրակրթական դպրոցներին: Նոր փուլում պլանավորվում է կազմակերպել մասնագիտական դասընթացներ` համայնքի անդամների համար աշխատաշուկայի նոր հնարավորություններից օգտվելու նպատակով:

Ջերմոցային տնտեսությունների ստեղծումը և դպրոցական սննդի արտադրությունը կապահովի առողջ սննդի կազմակերպումը դպրոցներում ամբողջ տարվա ընթացքում, իսկ կրթական ծրագրերը կներառեն առողջ ապրելակերպի դասընթացներ երեխաների և համայնքների անդամների համար: Այս ամենի արդյունքում ծրագրում ընդգրկված ՀՀ դպրոցները կվերափոխվեն ավելի լայն կրթական հարթակների, կխթանվի մարդկային կապիտալի և տնտեսության զարգացումը:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---