Ավինյան. Դասերը հետաձգելու և խուճապի կարիք չկա

Ավինյան. Դասերը հետաձգելու և խուճապի կարիք չկա

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կառավարության նիստում անդրադառնալով կորոնավիրուսով վարակի նոր դեպքերին և դասապրոցեսին, հայտարարել է, որ եթե դպրոցները փակելու կարիք լինի, որոշումը մեկ օրում կկայացվի:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարց է ուղղել՝ նշելով, որ բազմաթիվ դիմումներ է ստանում դպրոցներում դասերը դադարեցնելու նպատակահարմարության և արտահերթ արձակուրդ հայտարարելու վերաբերյալ:

Ավինյանը պատասխանել է. «Մեր դեպքերը շատ տեղայնացված են, ու շատ կոնկրետ են, ու մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ: Դեռևս նման հարցի քննարկման կարիք չկա, խուճապի կարիք ևս չկա: Ամենօրյա ռեժիմով օպերատիվ աշխատում ենք բոլոր ներգրավված նախարարությունների հետ, ու եթե նման հարց ու կարիք լինի, որոշումը մեկ օրում կկայացնենք: Կառավարության նիստի փակ հատվածում այս հարցին ևս կնադրադառնանք»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին հավելել է, որ նախարարությունը նմանատիպ որոշում կայացնում է՝ հաշվի առնելով այն առաջարկներն ու կարգադրությունները, որոնք արվում համապատասխան գերատեսչությունների կողմից. «Օպերատիվ հետևում ենք իրավիճակին»,- ասել է նա:

Մարտի 11-ին Հայաստանում, կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել: Երկուսը ՀՀ քաղաքացի են, (45 ու 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Մինչև այս ՀՀ-ում կորոնավիրուսով 1 հիվանդ կար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյրուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---