ՀՀ-ում ամերիկացիների արկածների մասին միստիկ սերիալը՝ «Էմմիի» հավակնորդների կարճ ցուցակում

ՀՀ-ում ամերիկացիների արկածների մասին միստիկ սերիալը՝ «Էմմիի» հավակնորդների կարճ ցուցակում

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր և գործարար Սերգեյ Սարկիսովի «Չարիքի հպումը» (Evil Touch) միստիկ սերիալը հավակնում է «Էմմի» մրցանակին։

«Բլից ֆիլմ» պրոդյուսերական ընկերության սերիալն ընդգրկվել է «Էմմի» մրացանակաբաշխության Ցերեկային մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում, գրում է ՏԱՍՍ-ը։

Սերիալը պատմում է ամերիկացի ուսանողների արկածների մասին Հայաստանում։ Դրա ստեղծմանը մասնակցել են նաև ամերիկյան Associated Television և հայկական Academy Films ընկերությունները։

Սերիալը նկարահանվել է Հայաստանում ամերիկյան հեռուստատեսության համար՝ հայ, ամերիկացի և բրիտանացի դերասանների մասնակցությամբ։

«Սերիալի ստեղծումը թույլ տվեց օտարերկրյա կինոարտադրողներին գնահատել կինոոլորտի ներուժը Հայաստանում, պարզել գնային քաղաքականությունը, մասնագետների մակարդակն ու ծանոթանալ նկարահանումների համար տարբեր լոկացիաների»,- ասել է Սարկիսովը։

Ըստ սյուժեի` մի խումբ ամերիկացի ուսանողներ պատահաբար հայտնվում են խուլ հայկական գյուղում։ Գիշերելով այնտեղ՝ նրանք հասկանում են, որ այդ վայրը վտանգավոր է, քանի որ հենց այդտեղ է պարփակված «չար ոգու» հանգրվանը։

Դերերը կատարել են Ջենիֆեր Վիլը, Ջո Նեսիվոչչիան, Էրիկ Ֆելոուսը, Փերի Սթրոնգը, Կարմեն Հոջսոնը, Քրիս Սփարքսը, ինչպես նաև հայ դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանը, Անուշ Առաքելյանը, Արսեն Գրիգորյանը և այլոք։

«Էմմի» մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է անորոշ ժամանակով։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---